Երեք լրագրող դատարանում հայտնվել է պատասխանողի կարգավիճակում, բայց ոչ լրագրողական հրապարակման համար։ Դատական վեճի առիթ դարձել են նրանց ֆեյսբուքյան գրառումները, իսկ դատարան դիմել են Լոռու մարզպետը, Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրենը եւ «News.am» լրատվականը։
Տեղեկատվությունը Ֆեյսբուքից տեղափոխվում է լրատվամիջոցներ եւ վերադառնում նույն սոցիալական հարթակ՝ արդեն հրապարակման տեսքով։ Այս ընթացքում խառնվում են սահմանները՝ երբ է լրատվամիջոցի ներկայացուցիչը հանդես գալիս որպես լրագրող, եւ որ դեպքում՝ շարքային օգտատեր։ Ֆեյսբուքի իր էջը համարելով անձնական տարածք՝ հաճախ լրագրողն ավելի անկաշկանդ է, քան լրատվամիջոցում հրապարակում անելիս։ Ու անսպասելիորեն գրառման պատասխանը լինում է դատական ծանուցագիրը։
Սոնա Հարությունյան, «1in.am»-ի լրագրող․ «Իմ գրառումը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, բնականաբար, ես վստահ եմ, որ ես հենց դրա համար հայտնվեցի դատարանում»։
Սոնան իր գրառմամբ ակնարկել էր, որ «News.am»-ը գնել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրատվամիջոցն էլ հայց էր ներկայացրել նրա դեմ՝ պնդելով՝ քաղաքական պատկանելության մասին գրառումը վնաս է հասցնում իր գործարար համբավին։ «News.am»-ը պահանջում էր ներողություն, հերքում եւ դրամական փոխհատուցում։
Սոնա Հարությունյան, «1in.am»-ի լրագրող․ «Իմ դեմ դատական հայց ներկայացնելուց հետո այս հարցը շատ ավելի մեծ հնչեղություն ստացավ, և կարծում եմ, որ դա ավելի մեծ վնաս հասցրեց իրենց գործարար համբավին, քան իմ այդ փոքրիկ գրառումը»։
Արամազդ Կիվիրյան, փաստաբան․ «Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչ կապ ունի Ձեր կողմից վկայակոչած գնահատողական դատողությունը այն հանգամանքի հետ, որ Դուք տվյալ դեպքում ուղղակիորեն փաստարկել եք, որ կայքը ձեռք է բերվում Ռոբերտ Քոչարյանի կողմից»։
Վահե Հովսեփյան, փաստաբան․ «Եղել են քննարկումներ, եւ փաստացի իմ վստահորդի կողմից ՖԲ–ում կատարված գրառումը հենց այդ, այսպես ասած, քննարկումների արդյունքն է»։
Բայց պատասխանողի փաստարկները ոչ ընդհանուր իրավասության, ոչ վերաքննիչ դատարանին չհամոզեցին։ Դատարանը համարեց, որ Սոնա Հարությունյանը ներկայացրել է այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ չի ունեցել ստույգ տեղեկություններ, այսինքն՝ դրանք իրենցից ներկայացնում են զրպարտություն:
Սոնա Հարությունյան, «1in.am»-ի լրագրող․ «Մինչ իմ ֆեյսբուքյան էջի գրառումը, տարբեր լրատվական կայքեր, ընդ որում՝ առաջատար, հրապարակում էին արել, որ Քոչարյանը գնել է «News.am»-ը, ես իմ գրառումը անելիս հիմնվել էի դրա վրա։ Դատարանում էլ ներկայացրեցի այդ ապացույցները, բայց դատարանը փաստացի առհասարակ դրանք ուշադրության առարկա չդարձրեց, իմ ֆեյսբուքյան էջի գրառումը դիտարկեց որպես լրագրողական հոդված»։
Արամազդ Կիվիրյան, փաստաբան․ «Ոչ թե ֆեյսբուքյան հարթակը հավասարեցված է լրատվամիջոցի, այլ ցանկացած հարթակում հրապարակայնորեն դա կարող է տեղի ունենալ։ Կարող է լինել և՛ լրատվական միջոցի օգնությամբ, և՛ ֆեյսբուքյան հարթակում, անձը կարող է հրապարակայնորեն խոսել որևէ վայրում»։
Լրագրողը Վճռաբեկ դատարան չի դիմել․ մեկ տարուց ավելի տեւած դատական գործընթացից հետո Սոնան որոշել է փակել այս էջը՝ 50 000 դրամ վճարել հայցվորին եւ Ֆեյսբուքում տեղադրել հերքման տեքստը․ դատարանը մասամբ էր բավարարել հայցը՝ լրագրողին չպարտավորեցնելով ներողություն խնդրել եւ պահանջվող փոխհատուցման գումարն էլ չորս անգամ նվազեցրել էր։
Սոնա Հարությունյան, «1in.am»-ի լրագրող․ «Ճիշտ է, կատարել եմ իրենց պահանջը, բայց ես դրա հետ համաձայն չեմ եղել և զուտ չեմ բողոքարկել մնացած ատյաններ՝ ինձանից լրացուցիչ դրամական միջոցներ էր պահանջվում և նյարդեր, ես դա ծախսում եմ իմ գործի և ընտանիքի վրա»։
Արդյո՞ք այս գործը կարող է դառնալ նախադեպ, որ դատարան դիմի ցանկացած լրատվամիջոց, երբ օգտատերն ակնարկի նրա քաղաքական պատկանելության մասին։
Արա Ղազարյան, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան․ «Եթե ես մեկին ասում եմ, որ դու պատկանում ես Ռոբերտ Քոչարյանին, դա չի նշանակում, դա արատավորող է։ Սահմանադրական դատարանը ժամանակին մեկնաբանել է, որ զրպարտություն է անձին այնպիսի արարք վերագրելը, որը հանցագործություն է կամ զանցանք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանին պատկանելը հանցագործությո՞ւն է․․․ ոչ էլ զանցանք է, այսինքն՝ դա զրպարտություն չի կարող համարվել՝ օրենքի ուժով։ Նշանակում է՝ այդ գործը դատարանի կողմից չի ընդունվի, կկարճվի, չի ընդունվի վարույթ»։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Սոնա Հարությունյանի վերաբերյալ դատական որոշումը համարել է մտահոգիչ, քանի որ ոչ ֆորմալ հարթակում կարծիք հայտնելու համար լրագրողը աղբյուր մեջբերելու պարտականություն չպետք է ունենա։
«News.am»-ի շահերը ներկայացնող Արամազդ Կիվիրյանը դատարանի որոշումը որակում է ողջամիտ։ Փաստաբանը նմանատիպ մի գործ ունի դատարանում, երբ իր լրագրող-վստահորդի դեմ է հայց ներկայացվել. Նարինե Կիրակոսյանին նույնպես զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման և ոչ նյութական վնասի հատուցման պահանջ է ներկայացվել ֆեյսբուքյան գրառման համար։ Հայցվորն այս դեպքում Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է։
Արամազդ Կիվիրյան, փաստաբան․ «Նարինե Կիրակոսյանն ընդամենը մտահոգությունն է հայտնել իր անձնական էջում, որը չեմ կարծում, որ տվյալ դեպքում հիմք պետք է հանդիսանար, որպեսզի Ռուբեն Խաչատրյանի կողմից ներկայացվեր նմանատիպ հայցապահանջ»։
Բնապահպան լրագրողը նշել է, որ Ռուբեն Խաչատրյանը պետական սեփականություն համարվող հազվադեպ կենդանիներ է տվել այլ երկրներին, գառնանգղերի բազմացող զույգին դուրս է հանել Երեւանի կենդանաբանական այգուց եւ տեղափոխել Վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամ, որի ղեկավարն է միաժամանակ։
Արամազդ Կիվիրյան, փաստաբան․ «Դա գնահատող դատողություն է, ոչ թե կոնկրետացված փաստ, ինչպես կողմը ներկայացնում է։ Գնահատող դատողությունների մասով կողմը չպետք է ապացուցի դրանց իրականությունը»։
Ռուբեն Խաչատրյանը նպատակահարմար չհամարեց խոսել հայցի վերաբերյալ։ Իսկ ինչ ընթացք կունենա այս գործը, եւ երբ կհրապարակվի դատական ակտը, դժվար է ասել՝ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են։
Վանաձորցի լրագրող Կարինե Վանեսյանին դատական երկու ատյաններ արդեն պարտավորեցրել են ներողություն խնդրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություններ ֆեյսբուքում տարածելու համար: Կարինե Վանեսյանը դատական որեւէ նիստի չի մասնակցել, բայց գրավոր դատարանին տեղեկացրել է՝ հայցվորի հասցեին վիրավորող արտահայտություն թույլ չի տվել, միայն՝ գնահատողական։ Ֆեյսբուքում էլ նոր գրառում է արել, թե Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի խնդիրներով զբաղվելու փոխարեն՝ ազատ կարծիքի ու խոսքի համար դատի է տալիս մարդկանց։
Կարեն Թումանյան, փաստաբան․ «Նրա կողմից գրառված արտահայտությունները որեւէ աղերս չունեն ազատ խոսքի հետ»։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը չի բացառում, որ եթե Կարինե Վանեսյանը այս ընթացքում ներողություն խնդրեր, իրենք հետ վերցնեին հայցը։ Բայց լրագրողը չի պատրաստվում ներողություն խնդրել, ու դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու դատական որոշումները։
Արա Ղազարյան, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան․ «Նախ՝ դա լրագրողական հարթակ չէր, մասնագիտական հարթակ չէր, երկրորդ՝ օգտագործվել էր վուլգար խոսք, երրորդ՝ հանրային շահ չհետապնդող խոսքի բովանդակություն էր։ Այդ գործոնները հաշվի առնելով՝ մենք գտանք, որ դատարանի որոշումը իրավաչափ էր»։
Սա Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքն է Անդրեյ Ղուկասյանն ընդդեմ Կարինե Վանեսյանի գործով։ Խորհրդի անդամ Արա Ղազարյանը բացատրում է՝ ինչու հրապարակային վիճահարույց այս հայտարարության դեպքում Կարինե Վանեսյանը չէր կարող օգտվել լրագրողների իրավական պաշտպանության միջոցներից։
Արա Ղազարյան, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան․ «Օգտագործվել է արտահայտություն, որը հասարակությունն ընկալում է որպես պատիվն ու արժանապատվությունը միանշանակ արարտավորող, եւ դատարանն էլ է այդպես ընկալում եւ սահմանում»։
Սա, ըստ խորհրդի, այն դեպքը չէր, երբ լրագրողի վուլգար արտահայտությունը կարող է հավասարապես պաշտպանված լինել այնպես, ինչպես սովորական բովանդակային խոսքը։ Իր ասածը գնահատողական դատողություն որակելու համար էլ պատասխանողը չի ներկայացրել փաստեր։
Արա Ղազարյան, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան․ «Եթե փաստական հիմքերը բացակայում են, արդեն դա վերածվում է վիրավորանքի»։
Արա Ղազարյանը մտահոգություն չունի, որ այս գործերը կդառնան նախադեպեր, երբ յուրաքանչյուր վիճահարույց ֆեյսբուքյան մեկնաբանության համար լրագրողը կհայտնվի դատարանում․ «Գայթակղությունը մեծ է լրագրողներին դատի տալու։ Բայց շատ կարճ ժամանակ անց հասկանում են՝ դա անիմաստ նախաձեռնություն է, որովհետեւ վերջին խոսքը միշտ լրագրողինն է»։
Տեքստը՝ Կարինե Ասատրյանի
Տեսանյութը պատրաստվել է «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ