Իշխանությունները միշտ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են՝ իրենց տեսանելի և անտեսանելի կողմերով։ Ընտրությամբ կամ նշանակմամբ պաշտոնյա դարձած անձն անմիջապես հայտնվում է մամուլի «մանրադիտակի» տակ։
Պաշտոնյայի անձնական և հանրային կյանքի սահմանները շատ պայմանական են դառնում, գրեթե վերանում են։ Մինչդեռ նա հաճախ պատրաստ չի լինում դրան։ Իսկ եթե լրատվամիջոցն անողոք է բառերն ընտրելիս կամ անփույթ՝ փաստերը ստուգելիս, պաշտոնյան արդեն հավաքում է փաստաբանի հեռախոսահամարը։ Ներկայացվում է հերթական դատական հայցն ընդդեմ լրատվամիջոցի։
2019 թվականին պետական կառույցների ու պաշտոնյաների կողմից 20 հայց է ներկայացվել լրատվամիջոցների դեմ, իսկ 2020 թ․ օգոստոսի 31-ի դրությամբ՝ ևս 12-ը։
Լրատվամիջոցը կարող է սխալվել, բայց պետք է կարողանա ընդունել իր սխալը,- ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Բորիս Նավասարդյանը։ Իսկ սխալն ընդունելու մի տարբերակը հերքում հրապարակելն է։ Երբ առանց դատարանի միջամտության կողմերը համաձայնության չեն գալիս, դատավորի խոսքը դառնում է վճռորոշ։ Ու որպեսզի լրատվամիջոցը չհայտնվի պարտվողի կարգավիճակում, պետք է չմոռանա ամենակարևորը․ «Ապացուցիր, որ դու գործել ես պրոֆեսիոնալ և ունես համոզվածություն, որ այն, ինչ դու լսել ես և հաղորդել ես, համապատասխանում է իրականությանը։ Ամեն դեպքում տարբեր աղբյուրներից օգտվելը ոչ միայն պահանջ է լրագրողի նկատմամբ, այլ նաև իր կողմից ինքնապաշտպանական միջոց է»։
Տեքստը՝ Կարինե Ասատրյանի
Տեսանյութը պատրաստվել է «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ