16 սեպտեմբերի, 2020թ․, Երևան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։ Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։
Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։ Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն ընդդեմ ԶԼՄ-ների։
Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։
Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։
Խնդրո առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա:
Նկատի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, Ազգային ժողովից պահանջում ենք.
– մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից,
– նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ,
– օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ