«Երբ բարեկամները հավասարության նշան են դնում միջազգային տեռորիստների ներգրավող և պաշտպանվող կողմի միջև՝ շատ ցավալի է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Արտաքին գործողության եվրոպական ծառայության խոսնակի հայտարարությունը` «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ:
Ըստ Աշոտ Մելիքյանի, ցավոք, աշխարհը, այդ թվում ԵՄ-ի տարբեր կառույցներ, մինչեւ վերջ դեռ չեն հասկացել, թե ի՞նչ է տեղի ունենում ղարաբաղյան ռազմաճակատում. «Խոսքը գնում է բարբարոսության և արդար պայքարող կողմերի մասին: Այս պարագայում Եվրամիության կառույցը, որը նման հայտարարությամբ է հանդես եկել, զոհ է դարձել ադրբեջանական մանիպուլյացիայի: Սա ակնհայտ է, որովհետև եթե այդ կառույցն ուզենար օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, ապա կփորձեր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ու այլ քաղաքներում ու գյուղերում, ինչպե՞ս են դրանք ռմբակոծվում: Մինչդեռ Եվրամիության կառույցի խոսնակը որոշել է միայն անդրադառնալ Գյանջայի հորինված պատմությանը, որն ադրբեջանական պրոպագանդայի ֆեյք լուրն էր»:
Այդուհանդերձ, մեր զրուցակցի կարծիքով, հայկական կողմը պետք է շարունակի ակտիվ աշխատել միջազգային կառույցների և լրատվամիջոցների հետ, և ցույց տա, թե ինչպե՞ս է պայքարում ժողովրդն՝ ինքնորոշման և ապրելու իրավունքը պաշտպանելու համար, թե ինչպե՞ս է տանում այս անհավասար պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: «Սա անհավասար, դաժան, բայց արդարացի և կարևոր պայքար է: Կարծում եմ, և՛ եվրոպացիները, և այլ երկրներն, ի վերջո, կհասկանան, որ սա Հայաստանի կամ Արցախի շահերը պաշտպանող պատերազմ չէ, սա քաղաքակրթության հաղթանակի համար մղվող պատերազմ է, միջազգային ահաբեկչության դեմ մղվող պատերազմ է: Ուղղակի, ինչքան շուտ հասկանան, այնքան ավելի լավ, քանի որ սա ոչ միայն տարածաշրջանին է սպառնում, այլև կարող է վերաճել գլոբալ պատերազմի»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:
Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը կփորձի՞ իր ձայնը բարձրացնել եւ իր գործընկերներին իրականությունն ի ցույց դնել: Նա հավաստիացրեց, որ ԱլԳ քաղաքացիական հասարակության պլատֆորմն իր պարտականություններն իրականացնում է, յուրաքանչյուր կազմակերպություն օգտագործում է իր կապերը՝ միջազգային գործընկերների հետ եւ նամակագրությունների միջոցով փորձում ենք տեղ հասցնել իրականությունը:
«Իհարկե, ավելի ակտիվացնելու տեղ կա, և դա արվելու է»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ ինքը նաեւ կարևորում է, որպեսզի պետությունն ինքը կարողանա ավելի հստակ գործունեություն իրականացնել: «Շատ կարևոր է, որ արտաքին գործերի նախարարությունը չսահմանափակվի այս հայտարարությամբ, այլ կապ հաստատի այս կառույցի հետ և պահանջի պարզաբանումներ ու ուղարկի բոլոր հակառակ ապացույցները: Այս հայտարարությունը պիտի ազդակ լինի, որ մենք ավելի ակտիվորեն ներկայացնենք իրավիճակը»,- ասաց Աշոտ Մելիքյանը: