Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ դատական հայց են ներկայացրել «1in.am» կայքի հիմնադրի դեմ։
«1in.am» կայքի գլխավոր խմբագիրն ասում է՝ լրատվամիջոցի դեմ ներկայացված դատական հայցերի գերակշիռ մասը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից է։
Լրատվամիջոցի դեմ անգամ հարուցված քրեական գործ կա, որը դարձյալ առնչվում է Ռոբերտ Քոչարյանին։
Ընդդիմադիր գործիչների ու նախկին պաշտոնյաների կողմից ներկայացվող դատական հայցերը միայն այն լրատվամիջոցների դեմ չեն, որոնց հիմնադիրները զբաղվում են քաղաքականությամբ։ Նրանց թիրախում «1in.am»-ից, «Հայկական ժամանակ» օրաթերթից բացի, նաև «Հետք»-ը, «Չորրորդ Իշխանություն»-ն են։ Վերջինիս դեմ դատական հայց է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պահանջելով 1 միլիոն դրամ հատուցում՝ իրեն հասցրած վիրավորանքի համար: Թե պատգամավորը, թե լրատվամիջոցը ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, քանի դեռ չկա դատարանի որոշումը։ Տեղեկատվական վեճերի խորհուրդն ուսումնասիրում է այս գործը։
Հայցվորի կարգավիճակով դատարանում է նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը հայցադիմումներ է ներկայացրել «1in.am» -ի, «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիրների դեմ։
Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Շուշան Դոյդոյանը մի խորհուրդ է տալիս քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին․ «Դատարան շտապելուց առաջ նախ փորձեն իրենց վեճերը և խնդիրները մամուլի հետ պարզել արտադատական մարմինների կողմից։ Ինչո՞ւ։ Որովհետև սա ձեռնտու է բոլոր կողմերին՝ և լրատվամիջոցներին, և դատարաններին, և հենց իրեն՝ վնաս կրած անձին»:
Տեքստը՝ Կարինե Ասատրյանի
Տեսանյութը պատրաստվել է «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ