Լրատվամիջոցների հրապարակումների առիթով 2019 թ․ դատարան է դիմել բիզնեսի 18 ներկայացուցիչ։ 2020թ․ դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ այդ թիվը 2 անգամ նվազել է։
Բիզնես շրջանակների կողմից ներկայացված հայցերում ավելի շատ շեշտադրվում է գործարար համբավին հասցված վնասի հարցը, բայց սա չի նշանակում, որ դատարանները փոխհատուցման պահանջը բավարարելիս ավելի մեծ գումար պետք է սահմանեն։ Որոշումը դատավորինն է, բայց օրենքը պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանելիս գործարարի և շարքային քաղաքացու միջև տարբերություն չի դրել։
Ըստ փաստաբան Դավիթ Ասատրյանի՝ «Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանները յուրաքանչյուր գործով պարտավոր են նախևառաջ քննել՝ արդյո՞ք հերքումը բավարար չէր։ Քանի որ հասցված վնասը ոչ գույքային է, հասցված վնասի փոխհատուցումն էլ առաջին հերթին պետք է լինի ոչ գույքային։ Եվ եթե ոչ գույքային փոխհատուցումից հետո դատարանը պարզի, որ դա բավարար չէ, այդ դեպքում նոր անդրադառնա գույքային (ֆինանսական) փոխհատուցմանը»։
Ֆինանսական փոխհատուցումը հետին պլան մղելով՝ հնարավորություն է ստեղծվում շատերին հեռու պահել լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնելու գայթակղությունից։
Տեքստը՝ Կարինե Ասատրյանի
Տեսանյութը պատրաստվել է «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությամբ