Դեկտեմբերի 12-ի երեկոյան համացանցում տարածվեցին լուրեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ու դրա համար իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրենին, ՀՔԾ ղեկավարին։ Այնուհետև նշվեց, թե Փաշինյանը թշնամուն է հանձնել նաև Սյունիքը։ Դրան անդրադարձան իմքայլականներն ու իշխանության ներկայացուցիչները և նշեցին, որ ընդդիմադիրների կողմից մեդիատեռոր է իրականացվում։
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ դրան անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավական բարդ է: Բայց նաեւ այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ապրում ենք ամենածանր ժամանակահատվածում, երբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այնպիսի իրավիճակ է տիրում, որ ճիշտ սխալից, մանիպուլացիան ստույգ փաստից տարբերելը շարքային ընթերցողի համար մնում է դժվար. «Իսկապես մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցները դարձել են քաղաքական պայքարի գլխավոր միջոցներից մեկը և այդտեղ որևէ խտրականություն միջոցների մեջ չի դրվում՝ ատելության խոսքը, մանիպուլացիաները տագնապ հարուցելու տենդը գերիշխում են և սա ամենևին էլ չի նպաստում և չի էլ նպաստի հասարակության կոնսոլիդացիային և մեր առջև ծառացած ծանրագույն խնդիրների լուծմանը։ Այսօր ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը կոնսենսուսի գալն է, համախմբվելն է, ծանր խնդիրները լուծելն է, մինչդեռ այստեղ առաջինը քաղաքական պայքարն է։ Այն բառապաշարը, այն մեթոդները, որով օգտվում են և՛ լրատվամիջոցները, և՛ սոցցանցերի օգտատերերը իսկապես լուրջ վտանգ են մեր պետության հետագա գոյության համար»։
Հարցին, թե սա նորություն է, նախկինում նման դեպքեր չեն եղել, Մելիքյանը նշեց. «Իհարկե, պետք է ընդգծել, որ այս պայքարը ակա էր և նախորդ տարիների ընթացքում և հետհեղափոխական շրջանում էլ ավելի սրվեց։ Ընդ որում, դրանում և՛ իշխանություններն են մեղավոր, և ընդդիմադիրները, քանի որ երկու կողմերն էլ խտրականություն չէին դնում միջոցների մեջ և չէին ընտրում այն բառապաշարը, այն լեքսիկոնը, փաստերի ներկայացումը, որ կոնստրուկտիվ հարցեր լուծվեր։ Դա շարունակվում էր պատերազմի օրերին, իսկ այս օրերին փաստորեն այդ ալիքը հասել է իր գագաթնակետին և ինչ-որ բան պետք է անել։ Այստեղ պետք է անպայման փոխհամաձայնության գալ և ինֆորմացիոն ներքին պատերազմը պետք է կանգնեցնել»։