«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, որում Հայաստանը 100-ից ստացել է 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքը։
Զեկույցում անդրադարձ կա Հայաստանում պատերազմից հետո անկարգություններին ու ժողովրդավարության մակարդակին։ Ըստ զեկույցի հեղինակների՝ Ղարաբաղյան պատերազմը սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը։
Այնուամենայնիվ, Հայաստանը ժողովրդավար է համարվում ավտորիտար տարածաշրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայացված զեկույցը։
– Կարծում եմ՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իսկապես սպառնում են ժողովրդավարության առումով առաջընթացին, ինչն արդարացիորեն նկատել է Freedom House-ը։
Բայց ես չէի սահմանափակվի միայն հետպատերազմյան ժամանակաշրջանով, քանի որ հասկանալի էր, որ ժողովրդավարության հետընթացը նաև կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ։
Իհարկե, ամբողջ աշխարհում է կորոնավիրուսը դարձել ժողովրդավարական գործընթացների հետընթացի պատճառ, բայց պետք է ասել, որ Հայաստանի կառավարությունը մի փոքր ավելի առաջ գնաց և մարտի 16-ին այնպիսի սահմանափակումներ կիրառեց ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք անընդունելի էին։
Եվ կարևոր էր, որ կառավարությունն իր սխալը հասկացավ և ուղղեց։ Բացի այդ, բնական է, որ այն ժամանակ էլ լուրջ խնդիրներ էին առաջանում հավաքների և երթերի կազմակերպման առումով, բայց մյուս կողմից՝ այդպիսի միջոցառումներ տեղի էին ունենում։
Ինչ վերաբերում է հետպատերազմյան շրջանին, ապա քաղաքական ուժերը, կարծում եմ, այնպիսի իրարամերժ դիրքորոշում են որդեգրել և այնպիսի գործելաոճ ունեն, որ դրանք իսկապես որևէ լուրջ կապ չունեն ժողովրդավարության հետ։
Ժողովրդի ձայնը լսելը պարտադիր է իրեն հարգող ժողովրդավարական երկրում, բայց երբ դա արդեն անցնում է այն սահմանը, որն անթույլատրելի է և՛ օրենքի, և՛ բարոյականության տեսանկյունից, այստեղ արդեն բազմաթիվ արժեքներ կարող են ոտնահարվել։
Այլ է, եթե մարդիկ հրահրում են և մեծ հաշվով կառավարելի ամբոխ են ստեղծում և ուղարկում խորհրդարանի կամ կառավարության շենքում ջարդուփշուր անելու համար կամ երբ դաժան ծեծի են ենթարկում ԱԺ նախագահին, այս ամենը, բնական է, չի կարող որևէ կապ ունենալ ժողովրդավարության հետ։ Եվ այս քայլերով ոտնահարվում է նաև ժողովրդարական արժեքը։
Կարծում եմ՝ այս ընթացքում մի քանի չափանիշներով կարելի է գնահատել ժողովրդավարության հետընթաց։
Մասնավորապես, խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության առումով մենք կարող ենք ասել, որ և՛ քաղաքական ուժերի, և՛ նրանց համակիրների ու հետևորդների կողմից անհանդուրժողականություն է ցուցաբերվում լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, եթե նրանք իրենց քաղաքական ճամբարից չեն։
Վերջին ամիսներին մենք բազմաթիվ օրինակներ ենք արձանագրել և հայտարարություններով ենք հանդես եկել։ Եվ այսօր լրագրողի գործունեությունը իսկապես շատ բարդ է, եթե առնչվում է քաղաքական թեմաների և ակցիաները լուսաբանելուն։
– Մամուլի ազատության վրա դա ի՞նչ ազդեցություն է թողել, մասնավորապես նշվում է, որ լրատվական դաշտն ամբողջովին փչացել է։ Ի՞նչ են ցույց տալիս ձեր ուսումնասիրությունները։
– Առհասարակ ովքեր ուզում են վարկաբեկել ժողովրդավարական արժեքները, մասնավորապես, խոսքի ազատությունը, խառնում են թացը չորի հետ, խոսքի ազատությանը վերագրում են ամենաթողություն, ինչն ամենևին բնորոշ չէ այդ իրավունքին։
Խոսքի ազատությունը պատասխանատու և պրոֆեսիոնալ խոսք է, իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա մեր ինֆորմացիոն դաշտում, ամենևին էլ խոսքի ազատության հետևանք չէ, դա սանձարձակություն է, որը մեծ հաշվով խրախուսվում է հենց քաղաքական ուժերի կողմից։
Քաղաքական մշակույթի և հասարակության կուլտուրայի, մարդկանց կրթված լինելու հանգամանքները այստեղ շատ կարևոր են, փոխկապակցված են։ Ատելությունը, մանիպուլյացիաները, հայհոյանքը՝ այս ամենը գալիս է քաղաքական վերնախավից և, մեծ հաշվով, այստեղ պետք է փնտրել արմատները։
Կարծում եմ՝ այս պայմաններում, եթե իսկապես պատասխանատու մոտեցում լինի քաղաքական ուժերի կողմից, և իրենք չուզենան, որ մթնոլորտն էլ ավելի թեժանա, կարող են կոչով, հորդորով և պահանջներով դիմել իրենց համակիրներին, հանգստացնել և թույլ չտալ, որ լրագրողներին վիրավորեն, օպերատորներին թույլ չտան նկարահանել և այլն։
Եվ եթե լրատվամիջոցներն այս պայմաններում աշխատեն, դա նկատվելու է միջազգային կառույցներում և ազդելու է Հայաստանի վարկանիշի վրա։
– Եթե այս քայլերը չվերանայվեն, Հայաստանի լրատվադաշտին «լավ» օրեր չե՞ն սպասում։
– Այստեղ ուզում եմ հիշատակել նաև մի շարք հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից՝ կապված լրագրողների և լրատվամիջոցների հետ, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը՝ վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման հնգապատկում նախատեսելը ուղիղ վնաս է և սահմանափակելու է խոսքի ազատությունը, և իր պատկերացրած լուծումը չի ստացվելու, որովհետև մենք գիտենք, որ դատարանները այդպիսի բարձր փոխհատուցումներ չեն նշանակում։
Բացի այդ, շատ հաճախ տարբեր պաշտոնյաներ կամ քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ, գործարարներ օբյեկտիվ քննադատությունն են ընկալում որպես վիրավորանք և զրպարտություն և դատարանների միջոցով փորձում են հաշիվ մաքրել լրատվամիջոցի կամ լրագրողի հետ։
Եվ այս առումով օրենքի նախագիծը շատ վտանգավոր է, քանի որ բարձր գումարները մեծացնում են գայթակղությունը ավելի լայն շրջանակի մարդկանց դատարան դիմելու։
– Այսինքն՝ այս նախագիծը չի՞ կարող որևէ կերպ զսպաշապիկ լինել։
– Բնականաբար, զսպաշապիկ չի դառնա, մյուս կողմից՝ կարող է վնաս հասցնել լրատվական ոլորտին, և ավելի քան համոզված եմ, որ միջազգային կառույցներում այս քայլը միանշանակ կգնահատվի որպես հետընթաց և կրկին կարող է իջեցնել մեր վարկանիշը։
Նույնը կարելի է ասել դատախազության մշակած մի օրինագծի մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում պաշտոնատար անձին վիրավորելու կամ զրպարտելու համար, մինչդեռ միջազգային մոտեցումներն այնպիսիք են, որ պաշտոնատար անձի նկատմամբ քննադատության շրջանակները շատ ավելի լայն են, այսինքն՝ պաշտոնյան պարտավոր է շատ ավելի հանդուրժող լինել, և այս վերջին նախագծով փորձ է կատարվում զերծ պահել պաշտոնյային քննադատությունից։
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե որևէ պաշտոնյա օբյեկտիվ քննադատությունն ընկալի որպես վիրավորանք և դիմի դատարան։ Դրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, ընդհուպ ազատազրկում։ Եվ սա որևէ կերպ չի համապատասխանում միջազգային նորմերին և կարող է վնաս հասցնել Հայաստանի վարկանիշին։
Ինչ վերաբերում է իրավիճակի առողջացմանը, կարծում եմ՝ մի կարևոր քայլ կա, որ պետք է անել. քաղաքական ուժերը կարող են կոչ ուղղել, հորդորել և պահանջել իրենց կողմից հովանավորվող և գոյությունը ապահովող լրատվամիջոցներին, որ նրանք հայհոյախոսությունը, վիրավորանքները հասցնեն նվազագույնի կամ առհասարակ հրաժարվեն դրանից։
Եվ եթե այդպիսի կոնսենսուս լինի, մթնոլորտը կարող է արագ բարելավվել։ Այս պայմաններում սա ռոմանտիկ մոտեցում է, և կարծում եմ, որ իրավիճակը ինֆորմացիոն ոլորտում կարող է քիչ թե շատ առողջանալ, երբ այս կոշտ և անողոք պայքարը հանգուցալուծվի քաղաքական դաշտում։