15 ապրիլի, 2021թ․, Երևան
Երեկ՝ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով:
Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման Թաթոյանը այս կապակցությամբ գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն, իսկ Անի Գևորգյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ արձանագրում ենք, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են լրագրողներին թիրախավորելու և նրանց հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերը թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ զանգվածային քաղաքական ակցիաների ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունում այդպես էլ չձևավորվեց քաղաքակիրթ բանավեճի մշակույթը, և առավել տարածված է մնում այլակարծությանը ատելությամբ, հայհոյախոսությամբ և սպառնալիքներով պատասխանելը։ Ավելին՝ նույնիսկ հաշվի չի առնվում անչափահասների նկարների և անձնական տվյալների ապօրինի հանրայնացման վտանգավորությունը։ Այս պայմաններում էլ ավելի հրատապ է դառնում իրավապահ մարմինների հատուկ ուշադրությունը խնդրին ու համարժեք հակազդող քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ճնշման դրսևորում, մանավանդ, եթե դա կապված է այնպիսի քրեորեն պատժելի արարքի հետ, ինչպիսին լրագրողին կամ նրա մերձավորին վնաս հասցնելու սպառնալիքն է։ Կարևորելով լրագրողի կողմից պետական կառույցին դիմելու նախադեպը՝ պահանջում ենք․
- ՀՀ ոստիկանությունից՝ քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում նրան վիրավորանքներ և սպառնալիքներ ուղղած օգտատերերին։
- Քաղաքական ուժերից և նրանց հարող խմբերից՝ առավել զսպվածություն ցուցաբերել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ, անկախ դրանց ուղղվածությունից, տարածվող գաղափարներից և տեսակետներից։
Հորդորում ենք լրագրողներին՝ բարձրաձայնել իրենց իրավունքների խախտման ցանկացած դեպքի մասին, ինչը կնպաստի խնդրի հանրայնացմանը և ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ