Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, ողջ օրվա ընթացքում չդադարեցին տարածվել հակասական, մանիպուլյատիվ տեղեկություններ թե՛ ԶԼՄ-ների, թե՛ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից՝ Սյունիքի սահմանային դեպքերի առնչությամբ: Ինչո՞վ եք բացատրում այս ամենը, նպատակը ո՞րը կարող է լինել:
– Հիմա ցանկացած առիթ օգտագործվելու է քաղաքական պայքարի համար, և այստեղ նույնիսկ անվտանգային հարցերը չեն դառնում զսպվածության առարկա:
Նկատի ունեմ, որ քաղաքական պայքարում, որը մեզանում վաղուց տեղափոխվել է զանգվածային լրատվության միջոցներ, փաստորեն, ցավոք, կարմիր գծեր այլևս չկան, ցանկացած հարց կարող են քաղաքականացվել այս նախընտրական պայքարի ժամանակ:
Մինչ այդ էլ էր իրավիճակն այդպիսին, բայց հիմա, երբ կենաց-մահու պայքար է գնալու իշխանության համար, լրատվամիջոցները, որոնք սպասարկում են տարբեր քաղաքական շահեր, շարունակելու են այդպես էլ գործել, իսկ մեջտեղում տուժելու է հասարակությունը:
Ցավոք, պետությունը ևս, շատ հաճախ, չի խոչընդոտում մանիպուլյացիաների և ապատեղեկատվության տարածումը՝ հանրությանը ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն տալով:
Պետք է հաշվի առնել նաև այն, որ 44-պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը ծայրաստիճան նվազել է, ինչը պարարտ հող է դառնում քաղաքական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցների համար:
– Իսկ այդ ամենը ինչպե՞ս է հնարավոր կանխել, որո՞նք են այդ գործիքակազմերը:
– Դա, իհարկե, շատ ծանր հարց է: Պետությունն այս պայմաններում ուղղակի պարտավոր է թույլ չտալ, որ գոնե կարևորագույն խնդիրների վերաբերյալ տեղեկատվական վակուում առաջանա:
Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ իրենց վրա մաքսիմալ բեռ վերցնեն այն քիչ որակյալ լրատվամիջոցները և կարողանան ներկայացնել ճշգրիտ տեղեկատվություն՝ փաստերի ստուգման և ճիշտ լուսաբանման միջոցով, ու այդկերպ կարողանան հերքել կամ ճշգրտել տարածվող ապատեղեկատվությունը:
Իսկ հանրությանը պետք է շարունակենք խորհուրդ տալ՝ այս լարված պայմաններում չվստահել որևէ տեղեկատվության, մինչև մի քանի աղբյուրից չստուգեն:
– Պարո՛ն Մելիքյան, իշխանության ներկայացուցիչները կատարվածը համարում են մեդիատեռոր, ընդ որում՝ նախապես ծրագրված: Համակարծի՞ք եք:
– Պնդել, որ կազմակերպված է եղել, պետք է փաստեր ունենալ, բայց իրավիճակն ինֆորմացիոն դաշտում հստակ ցույց է տալիս, որ գոյություն ունեն ճամբարներ, որտեղ համակարգվում և փոխհամաձայնեցվում են գործողությունները, օրինակ՝ մի աղբյուրով կեղծ լուր նետելը, հետո դրանից օգտվելը, այն տիրաժավորելը:
Իհարկե երևում է, որ տարբեր քաղաքական ճամբարներ տարբեր կերպ են կազմակերպում իրենց մեդիաարշավները, և այդ մեդիաարշավներում հանրային շահը տասներորդական նշանակություն ունի, գլխավորը ցանկացած մեթոդով քաղաքական ընդդիմախոսին ոչնչացնելն է, սա է գերխնդիրը:
– Պարո՛ն Մելիքյան, շուտով կսկսվի նախընտրական ակտիվ գործընթացների փուլը, ի՞նչ պատկերի ականատես կլինենք մեդիա դաշտում, ի՞նչ պայմաններում կաշխատեն լրագրողներն այդ ընթացքում:
– Նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, բացառությամբ 2018-ի դեկտեմբերի ընտրությունների, երբ լրագրողներն ասում էին՝ լուսաբանման համար հետաքրքիր չէ, որովհետև չկային բռնություն, սկանդալներ և այլն, հասարակական-քաղաքական մթնոլորտը լարվում էր, ինչը զուգորդվում էր նաև լրագրողների ու լրատվամիջոցների վրա հարձակումներով:
Այս ընտրություններին ճնշումները ֆիզիկական բռնությունների և այլ ձևերով իհարկե կավելանան, ու լրագրողներին և լրատվամիջոցներին շատ բարդ ժամանակաշրջան է սպասում:
Քարոզարշավը ևս հագեցած է լինելու քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, նվաստացնելու առումով, ինչը, բնական է, հայտնվելու է և՛ լրատվամիջոցներում, և՛ սոցցանցերում:
Հասկանալի է՝ այն թեժ պայքարը, որը քաղաքական դաշտում է, նույնը կատարվելու է լրատվամիջոցներում, կամ շատ հաճախ հարցերը լուծվելու են ԶԼՄ-ների միջոցով:
Վերջին ամիսներին տեսնում ենք, որ հակամարտող քաղաքական ուժերի որևէ ճամբար չի փորձում խուսափել որևէ սրացումից, ինչը կարելի է ասել իրենց սպասարկող լրատվամիջոցների մասին:
Շատ հաճախ քաղաքական ուժերը լրագրողներին օգտագործում են տարատեսակ սադրանքներ կազմակերպելու համար, ինչը հաջողվում է, որովհետև լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը դարձել է մեր քաղաքական համակարգի մաս: Անզիջում պայքար է լինելու և՛ քաղաքական և՛ լրատվական դաշտում: