Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող 4 քաղաքացի այսօր դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հայերենին տիրապետելու հանգամանքի թեստավորում անցնելու համար։ Այս մասին Yerevanlur-ին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։ Թե ովքե՞ր են այդ 4 դիմումատուները, հայտնի չէ, անուններ չեն հրապարակվում։
Թեստավորման գործընթացը կանցկացվի վաղը՝ մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, ԿԳՄՍ նախարարությունում։ Մելիքբեկյանը նշեց, որ եթե մինչ այդ այլ թեկնածուներ ևս դիմումներ ներկայացնեն, ապա նրանք էլ կկարողանան մասնակցել թեստավորմանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին այսօր արտահերթ նիստում գրեթե 2 տասնյակ քաղաքական ուժերի 48 ժամ ժամանակ է հատկացրել՝ ներկայացված փաստաթղերում առկա բացթողումները վերացնելու համար։ Այդ բացթողումների շարքում է նաև հայերենին տիրապետելու մասին հանգամանքը փաստող փաստաթղթերի բացակայությունը:
Yerevanlur-ը փորձեց այդ կուսակցություններից ու դաշինքներից ճշտել՝ արդյո՞ք իրենց ցուցակներում կան անձինք, որ պետք է մասնակցեն հայերենի թեստավորմանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկն ուսանել է Հնդկաստանում, այնտեղ հայերեն անցել է, բայց թարգմանության և նոտարի հաստատման հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, պետք է թեստավորվի։
ՀԱԿ կուսակցության անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իրենց ցուցակում ևս 1 թեկնածու կա, որն արտերկրում է սովորել և մանակցելու է հայերենի թեստավորմանը։
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի անդամ Ռուբեն Մեհրաբյանը Yerevanlur-ին հայտնեց, որ իրենց մոտ տեխնիկական բնույթի խնդիր է, թեստավորման հարց չկա։
«Պատիվ ունեմ» դաշինքի խոսնակ Սոս Հակոբյանը հարցը լսեց, խոստացավ ճշտել, սակայն այլևս չպատասխանեց մեր զանգերին։
Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատվել է դեռևս 2017 թ-ին՝ այն ժամանակ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանի կողմից։
Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները ներառում են հայոց լեզվի քերականության 3 բաժիններ` ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և բառագիտություն (30%)։ Հարցաշարն, ըստ էության, բավականին դյուրին է, իսկ պատգամավոր դառնալու հավակնորդների համար նման հարցերն ընդհանրապես պետք է դժվարություն չներկայացնեն, օրինակ՝ «Ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ», կամ՝ առաջարկվում է նախադասության մեջ գտնել լեզվական սխալը, օտար բառերի հայերեն համարժեքները, նախադասության բառերի մեջ բաց թողնված տառերը և այլն։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Yerevanlur-ի հետ զրույցում նշեց, որ լավ կյանքից չէ, որ այդպիսի պահանջ է ներառվել Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասով և պատգամավորի թեկնածուն պետք է հայերենի իմացության թեստավորում անցնի։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ Ազգային ժողովում հայտնվում են մարդիկ, որոնք ուղղակի չեն տիրապետում գրական հայերենին և շատ հաճախ, նույնիսկ, իրենց բառապաշարում կիրառում են փողոցային ոճ։ Դա մեկ, երկու, երեք դեպք չի եղել։ Մեր անկախ պետության 30 տարիների ընթացքում մենք բազմաթիվ, գրեթե բոլոր գումարման խորհրդարանի կազմում տեսել ենք այդպիսի մարդիկ։ Ամենայն հավանականությամբ, հենց դա է դրդել, որպեսզի Ընտրական օրենսգրքում լինի այս պահանջը։ Կարծում եմ՝ նորմալ երևույթ է։ Ցանկացած պատգամավոր պետք է տիրապետի գրական հայերենին, պետք է կարողանա գրագետ գրել և խոսել։ Ի վերջո, նա միայն իրեն չի ներկայացնում, այլ բազմաթիվ առիթներ են լինում երկիրն արտերկրում ներկայացնելու։ Ամեն դեպքում, գործընթացը պետք է օրենքին համապատասխանի և ով իր դիպլոմի ներդիրի մեջ չունի հայոց լեզվի համար գնահատական, այսինքն՝ որևէ հավաստիացում չունի, որ տիրապետում է լեզվին, պետք է թեստավորում անցնի։ Ի վերջո, ով տիրապետում է, գիտելիքների անհրաժեշտ մակարդակն ունի, նրա համար խնդիր չէ դա։ Կարծում եմ՝ սա նորմալ երևույթ է և պետք է դառնա մեր լեզվի նկատմամբ հարգանքի դրսևորումներից մեկը»,- ասաց Մելիքյանը։
Թե ներկայիս քաղաքական գործիչներից ո՞ւմ խոսքն է հուշում, որ նրա հայերենի իմացությունը գնահատման կարիք ունի, Ա․ Մելիքյանը պատասխանեց․ «Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ով ունի և ով չունի։ Անցյալում ակնհայտ էին դրանք, նույն մականունավոր պատգամավորները, որոնք հասարակության մեջ հայտնի էին և միշտ ծիծաղ էին առաջացնում։ Բայց, այդ ծիծաղը, կարելի է ասել, շատ թախծալի ծիծաղ էր, որովհետև մարդ չի պատկերացնում, թե ինչպես մայրենի լեզվի այդ մակարդակի իմացությամբ կարող է հավակնել և հայտնվել Ազգային ժողովում։ Բայց հիմա էլ ամենևին չի խանգարի, որպեսզի այդպիսի թեստավորում անցնի, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, որի ամեն մի հարցազրույցի ժամանակ բազմաթիվ առիթ է լինում քմծիծաղ տալու։
Այդ թեստը պետք է հանձնի նաև Ռոբերտ Քոչարյանը։ Իր կառավարման 10 տարիների ընթացքում և այսօր էլ հարցազրույցներում բազմաթիվ առիթներ են եղել կասկածելու իր՝ հայերենին տիրապետելու հարցում։ Այնպես որ, կարծում եմ, Քոչարյանը պետք է անպայման հանձնի թեստավորումը և, եթե բացեր ունի իր գիտելիքների մեջ, լրացնի»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում