06 հուլիսի, 2021թ․, Երևան
Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հունիսի 4-ին անդրադարձել էինք այս միջադեպին համատեղ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ ավագ քննիչ Խորեն Մեջլումյանն այդ որոշումը կայացնելիս վկայակոչել է վերոհիշյալ փաստերը, որոնց համար քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված։ Այդուհանդերձ, նա եկել է եզրահանգման, որ հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։
Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար։
Համադրելով ՀՔԾ այս որոշումը և ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումն առ այն, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ստիպված ենք նշել, որ այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։
Մեր վրդովմունքն արտահայտելով ՀՔԾ եզրահանգման առնչությամբ՝ պահանջում ենք․
- ՀՀ դատախազությունից՝ օգտագործելով իր վերահսկողական գործառույթը՝ վերացնել քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին,
- Նորընտիր Ազգային ժողովից՝ առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ