«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, համավարակի ու դրա դեմ պատվաստման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվող առաջին հայացքից մանիպուլյատիվ, ապատեղեկատվություն պարունակող նյութերն ինչպե՞ս եք գնահատում, ու ի՞նչ հետևանք են դրանք ունենում։
– Ցավոք, մեզանում ցանկացած հարց, այդ թվում նաև՝ քովիդը, մեկնաբանվում է քաղաքական ենթատեքստով։ Երբ Հայաստանում դեռ նոր-նոր էր տարածվում համավարակը, ու կառավարությունը կայացրեց իր առաջին որոշումը, միանգամից այդ քաղաքականացված մոտեցումը երևաց և՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ֆինանսավորման տակ գտնվող լրատվամիջոցների նյութերում, և՛ զանգվածային միջոցառումների ժամանակ այդ քաղաքական գործիչների կողմից հնչող ելույթներում, ու, կարծես թե, գլխավոր նպատակն այն էր, որ ցույց տրվեր, թե Հայաստանում քովիդի դեմ պայքարը տապալված է կամ տապալվելու է, ու որպես համեմատություն վկայակոչում էին հարևան Վրաստանի համավարակային պատկերը, սակայն, ինչպես տեսանք, Վրաստանում ևս վիճակը վատթարացավ։
Քանի որ ես էլ հիվանդացել ու բուժվել եմ, պետք է նշեմ, որ ամեն բան լավ կազմակերպված էր, ու դժգոհելու տեղ չունեմ։ Բնականաբար, նման բովանդակությամբ նյութերը բացասական հետևանքներ են ունենում։ Կարծում եմ, ցանկացած սրտացավ մարդ, հասարակության ու պետության մասին մտածող մարդ, հակառակը՝ պետք է խրախուսի ու աջակցի իշխանություններին, որպեսզի այդ համավարակի դեմ պայքարը հնարավորինս հաջողված լինի։
Բայց մեզ մոտ նույնիսկ այս հարցն է քաղաքականացվում ու շատ հաճախ շահարկվում է իշխանությանը հակառակվելու համար։ Այսինքն՝ ցանկացած բան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի համար, քաղաքական ուժերն ու իրենց սպասարկող լրատվամիջոցներն ուզում են օգտագործել իրենց նպատակների համար։
– Դուք ասում եք՝ դա արվում է քաղաքական նպատակների համար, բայց լրատվամիջոցների պատասխանատուներն էլ հակադարձում են, որ իրենց գործառույթը բազմակարծությունն ապահովելն է, ու իրենք ընդամենը հարթակ են տրամադրում նաև այդ կարծիքի համար, և ոչ մի քաղաքական նպատակ այդտեղ չպետք է փնտրել։
– Դա, իհարկե, իրենց գործառույթն է, համաձայն եմ, եթե մասնագետների շրջանում կան տարբեր կարծիքներ, պետք է լուսաբանվեն նաև դրանք, բայց այստեղ էլ ոչ անաչառ մոտեցում են ցուցաբերում. ընդդիմությանը սպասարկող լրատվամիջոցները սովորաբար հրավիրում են ավելի շատ այն մասնագետներին, որոնք համարում են, որ մեծ բացթողումներ կան, որ պատվաստվելը վնասակար է, որ սա դավադրություն է և այլն։
Հեռարձակվող լրատվամիջոցների կողմից ես չեմ տեսել լուրջ բանավեճի կազմակերպում, լուրջ մասնագետների մասնակցությամբ։ Սովորաբար կանչում են միայն մեկին, հաջորդ օրը՝ մյուսին, բայց շատ կարևոր ու ճիշտ կլինի բանավեճ կազմակերպելը, որպեսզի հանրության համար տեսանելի լինի տարբեր կողմերի փաստարկները։
Բայց, մեծ հաշվով, նույն պատվաստումների օգտին բերվող փաստարկներն ավելի շատ են ու հիմնավոր, քան հակապատվաստումային քարոզի կողմնակիցներինը։ Ոչ մեկը չի ասում, որ միայն պատվաստման օգտին պետք է հրապարակումներ ու կարծիքներ լինեն, բոլոր հակառակ կարծիքները պետք է բախվեն, ու լսարանը կարողանա իր սեփական եզրակացությունն անել այդ ամենից։
– Պարո՛ն Մելիքյան, երեկվանից լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված մի նյութ, որում նշվում է, թե Հայաստանում պատվաստումներից մարդիկ են մահացել, մարդկանց կոչ է արվում չպատվաստվել, ու դա վարակաբանի կարծիք է, որը հրապարակել է լրատվամիջոցը։ Հիմա լրատվամիջոցները նման դեպքերում ինչպե՞ս վարվեն, պե՞տք է քննադատել նմանատիպ հրապարակում անող լրատվամիջոցներին, թե՞ ոչ։
– Եթե նմանատիպ կարծիքները փաստերի հիման վրա են արվել, իհարկե լրատվամիջոցը պետք է հրապարակի, բայց ուրիշ բան է, եթե նյութը զուրկ է կոնկրետ փաստերից ու աղբյուրներից, որոնց հիման վրա արվել է նմանատիպ եզրակացություն, այդ դեպքում նման նյութերը կասկածելի են։
Շատ կարևոր է լայնորեն տարածել մեդիագրագիտությունը հանրության շրջանում, որովհետև մարդիկ հաճախ ընկնում են տարօրինակ ծուղակների մեջ, ու սկսում ես հավատալ աբսուրդային երևույթների։
– Կարծում եք՝ պե՞տք է մանիպուլյատիվ տեղեկություններ տարածող թե՛ մասնագետների, թե՛ լրատվամիջոցների նկատմամբ իրավական կամ այլ սահմանափակումներ կիրառվեն, երեկ էլ վարչապետը խոսեց այդ մասին ու համապատասխան կառույցներին հրահանգներ տվեց։
– Այո՛, բայց եթե խոսքը փաստերի ու հիմնավոր պատճառների մասին է, ոչ մի պատասխանատվության էլ չպետք է ենթարկել։ Եթե դա ուղղակի կարծիք է, դարձյալ պետք չէ, բայց միտումնավոր ապատեղեկատվություն կամ կեղծ լուրեր տարածելու պարագայում, կարծում եմ, պետք է պատասխանատվության ենթարկել, և գործող կարգավորումներն արդեն իսկ նման հնարավորություն ընձեռում են։
Եթե նկատվում է կեղծ տեղեկություն, պետք է պահանջել հերքում կամ ենթարկել պատասխանատվության։ Շատ ակտիվ աշխատանք պետք է տանեն և՛ առողջապահության նախարարությունը, և՛ բուժհաստատությունները, որպեսզի բացահայտ ապատեղեկատվությանն ու կեղծ լուրերին մասնագիտական փաստարկներով պատասխանեն կամ հերքեն։
Առհասարակ, այս թեմայի վերաբերյալ տեղեկատվական հոսքը շատ ավելին պետք է լինի, որ մարդիկ լրացուցիչ ու կասկածելի աղբյուրներից ինֆորմացիա չվերցնեն, բայց այդ տեղեկատվությունը նաև պետք է շատ օբյեկտիվ լինի, որ հանրությունը վստահություն ունենա այդպիսի պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
Բնականաբար, եթե համավարակի դեմ պայքարում կան բացթողումներ, պատվաստումների բացասական հետևանքներ, հանրությունը պետք է իմանա այդ մասին, բայց էլի եմ ասում, դա պետք է լինի շատ օբյեկտիվ ու փաստարկված։ Բացի դա, չպետք է մոռանալ, որ սովորական պատվաստումներից էլ լինում են բացասական հետևանքներ, բայց դա շահարկել ու նշել, թե պատվաստումներն ավարտվում են բացառապես մահվան ելքով՝ սխալ է։
– Պարո՛ն Մելիքյան, հարցազրույցի սկզբում ասացիք, որ համավարակի թեման ևս քաղաքականացվեց, եթե համեմատելու լինեք՝ այլ երկրներում է՞լ է այս թեման քաղաքականացվել։
– Իհարկե կա, բայց ոչ այդպիսի կատաղի, չար ու նենգությամբ, ինչպիսին Հայաստանում։ Սա բացատրվում է ծայրահեղ սուր քաղաքական պայքարով, ընդդիմության և իշխանության միջև անհանդուրժողականությամբ։
Սա մի պայքար է, որտեղ խտրականություն չի դրվում միջոցների միջև, ուղղակի պետք է ոչնչացնել հակառակորդին, ու այդ պարագայում, նաև այս թեմայով մանիպուլյացիաներն ու կեղծ լուրերը նենգ են, չար, որոնք ամենևին էլ չեն բխում պետության կամ հասարակության շահերից։
Քրիստինե Աղաբեկյան