ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծը՝ վիրավորանքի ու զրպարտության մասով Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։
ArmDaily.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
– Այս նախագիծը չի՞ դառնա խոսքի և մամուլի ազատությունը ճնշելու գործիք։
– Մենք մեր դիրքորոշումը մի քանի հայտարարություններով նախքան այս գործընթացը նշել էինք և սրանից հետո, երբ Ազգային ժողովում ընդունվեց այս նախագիծը, մենք ևս մի հայտարարությամբ հանդես եկանք և կոչ արեցինք, որպեսզի նախագահը չստորագրի և ուղարկի սահմանադրական դատարան։ Մենք կարծում էինք, որ Սահմանադրական դատարանն էլ կհասկանա մեր դիրքորոշումը, որովհետև 2011 թվականի նոյեմբերի 15-ի՝ իրենց իսկ կողմից ընդունված որոշում գոյություն ունի, որտեղ ասվում է, որ փոխհատուցման չափերը նշանակելիս պետք է հաշվի առնել այն, որ լրատվամիջոցները ֆինանսական առումով կոլափսի չենթարկվեն։ Բայց, փաստորեն, այդ որոշումն ու այս որոշումը, երբ համադրում ենք՝ տեսնում ենք, որ դրանք հակասություններ ունեն և իսկապես այս օրենքը կարող է խոսքի ազատությանը լուրջ վտանգներ բերել։
– Սա ավելի շատ ուղղված էր վիրավորանքն ու զրպարտությունը նվազեցնելո՞ւն, թե՞ մամուլի հնարավորությունները սահմանափակելուն էր ուղղված և վտանգ չե՞ք տեսնում, որ սա գրաքննության մուրճ կդառնա մամուլի համար։
– Գրաքննության, իհարկե, չէ, բայց որ կարող է կաշկանդել լրագրողական ազատությունը և լրատվամիջոցների ազատ գործունեությունը, իհարկե այդ վտանգը կա։ Լրագրողները, լրատվամիջոցները ամեն մի սուր քննադատություն անելիս փաստորեն տասը անգամ պետք է մտածեն, նոր որևէ սուր խոսքով քննադատեն և սրա վտանգավորությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ քաղաքական գործիչները, պետական ծառայողները կամ պաշտոնյաները օբյեկտիվ քննադատությունն էլ ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն և դիմում են դատարաններ։ Այս առումով, իհարկե, այդ վտանգը ակնհայտ է։
– Այս տեմպերով բռնապետություն ռեժիմ հաստատվելու հավանականությունը որքա՞ն եք գնահատում։
– Ես այդ բառը չէի օգտագործի, այնուամենայնիվ, բռնապետական երկրներում իրավիճակը միանգամայն այլ է, բայց որ սա խոսքի ազատությունը սահմանափակում է՝ դա ակնհայտ է, որովհետև գործող կարգավորումները և գործող վերին շեմը բավականին բավարար էր այդ երևույթի դեմ պայքարելու համար։ Եթե իսկապես վիրավորանք կա, եթե իսկապես զրպարտություն կա, ապա այն վերին շեմը, որը որ գործում էր՝ լիովին բավարար էր, որպեսզի այդ արատի դեմ պայքարեին, բայց այս չափը ակնհայտորեն շատ վատ ուղերձ է նախ դատարաններին, որոնք որ փաստորեն ավելի բարձր փոխհատուցման չափեր կարող են իրենց վճիռներում սահմանել, քան հիմա պրակտիկայում ձևավորված է։ Երկրորդը, դա շատ վատ ուղերձ է հենց լրատվամիջոցներին՝ փաստորեն զգուշավորության և միգուցե ավելորդ պաշտպանության տակ են առնում նաև պաշտոնյաներին և քաղաքական գործիչներերին և փաստորեն ավելացնում են նաև գայթակղությունը՝ դատական հայցերով դիմել դատարաններին, որովհետև վեց միլիոն զրպարտության համար ստանալը բավականին գայթակղիչ գումար է, նույնը վիրավորանքի մասին է խոսքը։ Դա կարող է ավելացնել դատական հայցերի հոսքը ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների։
– Freedom House-ը նույնիսկ կոչ արեց հրաժարվել վիրավորանքը քրեականոցնող նախագծից։
– Freedom House անդրադարձել է քրեականացմանը։ Մեզանում փաստորեն օրենսդիրը տարանջատեց վիրավորանքն ու զրպարտությունը ծանր վիրավորանքից, որի սահմանումն, իհարկե, շատ հեղհեղուկ է և ծանր վիրավորանքի համար նախատեսեց քրեական պատասխանատվություն և Freedom House-ի արձագանքը վերաբերում էր հենց այդ նախագծին և ոչ թե Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքին։ Ես կարծում եմ՝ այն դեռ կստանա միջազգային կազմակերպությունների բացասական գնահատականը։
Երբ ծանր վիրավորանքը քրեականացրել են, փաստորեն նաև հիշատակել են տարբեր խմբեր, հանրային և պետական գործունեություն ծավալող անձինք են, լրագրողներ են և այլն, որոնք որ առավել պաշտպանության տակ են առնված, քան շարքային քաղաքացին, ինչը ամենևին էլ չի համապատասխանում ժողովրդավարական մոտեցումներին, որովհետև օրենքի առաջ բոլորը պիտի հավասար լինեն, հավասար պաշտպանված և հավասար պատասխանատվություն կրեն։ Մինչդեռ ստացվում է, որ պետական և հանրային ծառայություններ կամ գործունեություն իրականացնողները ավելի պաշտպանված են, քան շարքային քաղաքացին, ինչը, կրկնում եմ, ժողովրդավարական մոտեցումներին հակասում է։
Հայկա Ալոյան