Lragir.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը
Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որով խստացվում են վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման գումարները, ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել: -Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը:
-Մենք մեր դիրքորոշումը չոենք փոխել, որովհետև համոզված ենք, որ այդ օրենքը մեծ հաշվով հակասում է այն մոտեցումներին, որոնք որդեգրել են միջազգային կառույցները, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը և այն նորմերը, որոնք նշված են Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներում: Բացի այդ, եթե մենք ՍԴ այս որոշումը դնենք մեկ այլ որոշման կողքին և համեմատենք 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման հետ, իսկ դա նույնպես ամբողջությամբ վերաբերում էր վիրավորանքին և զրպարտությանը, և դրանց հետ կապված դատական գործերին, ապա տեսնում ենք, որ եթե ասենք 10 տարի առաջ պահանջ էր ներկայացվում առ այն, որ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը, այսօր նույն դատարանը, թեև այլ կազմով, ըստ էության, հակառակն է անում՝ հաստատում է մի օրենք, որը սահմանում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերի եռապատիկ բարձրացում: Այստեղ ակնհայտ է հակասությունը և հասկանալի է, որ սա կարող է ազդակ հանդիսանալ դատարանների համար, որպեսզի նրանք ավելի բարձր գումարներ բռնագանձեն այդպիսի գործերով, քան ընդունված է այսօրվա պրակտիկայում:
Բացի դա, մենք շատ լավ գիտենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչները, հայտնի գործարարները, շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց հասցեին քննադատությունն ընկալում են որպես վիրավորանք կամ զրպարտություն և դիմում են դատարաններ՝ հաշվեհարդար տեսնելու համար: Չկայացած անկախ դատական համակարգում ինչ ասես կարող է լինել, և այդ պարագայում հասկանալի է, որ այդ դրամական փոխհատուցման բարձր շեմը մի կողմից կաշկանդելու է լրագրողական գործունեությունը, լրագրողները 10 անգամ կմտածեն սուր քննադատություն կիրառել, թե ոչ, որովհետև դա կարող է ընկալվել որպես վիրավորանք կամ զրպարտություն, մյուս կողմից 6 մլն դրամի փոխհատուցման չափը կարող է շատ գայթակղիչ թվալ պատեհ կամ անպատեհ առիթներով դատարան դիմելու համար: Դրա արդյունքում և դատական հայցերի քանակը կարող է ավելանալ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների, և այդ պարագայում էլ չգիտենք, թե անկախ դատական համակարգ չունենալու պարագայում ինչ որոշումներ կընդունվեն այդպիսի գայթակղիչ պայմաններում, երբ մարդիկ, որոնք խնդիրներ ունեն լրագրողների և լրատվամիջոցների հետ, հայցերով դիմեն և մաքսիմալ՝ 3-6 մլն դրամի փոխհատուցում պահանջեն:
Կարծում եմ՝ այս ամենը բավարար հիմքեր էին, որ ՍԴ-ն համարեր, որ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը, բայց շատ տարօրինակ, մեզ հիասթափեցնող ձևով նրանք հաստատեցին այդ օրենքը: Կարծում եմ՝ սա շատ վատ գործընթաց է նաև այն առումով, որ սա միակ հետադիմական օրենքը չէ: Երբ մենք նայում ենք շղթայի մեջ, ասենք, նույն վիրավորանքի քրեականացումը, որ տեղի ունեցավ օգոստոսի 30-ին, չնույնականացվող տեղեկատվական աղբյուրներին հղում անելու արգելքի նախաձեռնությունը, պետական պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ տվյալները թաքցնելու առաջարկը, կամ մեկ անձից կատարվող գնումների մասին տվյալները չհրապարակելը, այս ամենը նաև եթե ընդհանուր համատեքստում ենք նայում, տեսնում ենք, որ իշխանությունները փաստորեն կոշտ, ռեպրեսիվ և նոր սահմանափակումներ կիրառելու ուղիով են գնում, որը ոչ մի լավ բան չի խոստանում: Կարծում եմ՝ միջազգային կազմակերպությունները այդ ամենը կնկատեն և Հայաստանի վարկանիշն այն մասով, որով մինչ հեղափոխական շրջանում հպարտություն էր ներշնչում, համարվում էր, որ խոսքի ազատությունը զարգանում է Հայաստանում, հիմա կարող է այդ վարկանիշն իջնել և դա կարող է խփել հենց Հայաստանի ընդհանուր վարկանիշին:
-Խոսքի ազատության առումով վիճակն ավելի՞ է բարդանում Հայաստանում:
-Դե, իմ բերած օրինակները հենց դրա մասին են խոսում, որ փաստորեն, այսպիսի հետադիմական, կոշտ իրավական սահմանափակումներ ընդունելով շատ դժվարացնում են լրատվամիջոցների գործունեությունը և իհարկե, դա բացասաբար է ազդելու խոսքի ազատության վրա: Մեծ հաշվով, նաև պրակտիկ գործողություններով, մասնավորապես, խորհրդարանում ստեղծված իրավիճակը, երբ լրագրողներին և օպերատորներին մամուլի սրահից մի քանի անգամ դուրս են հրավիրել և դադարեցրել լուսաբանումը, կամ Ալեն Սիմոնյանի կողմից ուղիղ եթերի դադարեցման հրահանգ տալը, սրանք էլ արդեն ավելի շատ իշխանությունների գործնական քայլերի մասին են վկայում: Ինչ-որ մի վատ ժամանակահատված է կարծես թե, երբ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող, գործունեությանը միջամտող քայլեր են ձեռնարկվում, և դրանք շատ մտահոգիչ են:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Lragir.am