ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «Զանգվածային լրատվության միջոցների» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը համահեղինակել էր ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Այդ նախագծով չնույնականացված աղբյուրների, ֆեյքերի լուրերը արտատպելու դեպքում ԶԼՄ-ն ինքն է լինելու պատասխանատու: Բացի այդ, պետական մարմիններում չեն կարող գրանցվել ԶԼՄ-ներ, որոնք չեն հրապարակում տարեկան ֆինանսական հաշվետվությունը եւ կամ չունեն նույնականացում, այդ ԶԼՄ-ն տնօրինողի, սեփականատիրոջ մասին որեւէ տեղեկություն չկա: Պատգամավորը հայտարարեց, որ սրանով ուզում է առողջացնել լրատվական դաշտը: Նիստի ժամանակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը քննարկվել է մեդիա կազմակերպությունների հետ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդամենը մեկ հանդիպում են ունեցել հեղինակի հետ ու ասել, որ անընդունելի են այսպիսի փոփոխությունները ու մինչեւ վերջ պայքարելու են դրանց դեմ: Նախագծի նախնական տարբերակը շատ ավելի խնդրահարույց է եղել. «Մենք մեռանք ասելով, որ անանուն աղբյուրներին հղում կատարելը պարտադիր է, հատկապես հետաքննող լրագրողների համար: Չէին համաձայնում: Վերջը փոխեցին չնույնականացվող աղբյուր, բայց ասացինք՝ դա նույն բառն է համարյա, դրանով դուք չեք փրկում: Հետո հորդորեցինք՝ լավ, մեզ չեք լսում, գոնե ուղարկեք ԵԽ: Այնքան համառորեն պնդեցինք, որ փորձաքննության ուղարկեն Եվրոպայի խորհուրդ, որ նրանք դա արեցին: Իրենք բացասական եզրակացություն տվեցին ու դա դարձավ լուրջ հիմք, որ վերանայեն նախագծում մոտեցումները ու չնույնականացվող աղբյուրներին հղում կատարելը չարգելեն օրենքով: Մենք այն գլխից ասում էինք՝ տեխնոլոգիաները զարգացել են, հազար ու մի կեղտոտություններ են այդ տեխնոլոգիաների միջոցով արվում, այդ դեպքում ԶԼՄ-ին ինչո՞ւ եք արգելում, թող վերցնեն չնույնականացվող աղբյուրից, իրենք պատասխանատվություն կրեն այդ տարածած տեղեկատվության համար: Դա կլինի արդեն միջազգային նորմերին համապատասխան: Այսինքն, արդեն ԶԼՄ-ն իր վրա վերցնում է պատասխանատվություն, որ հանրային կարեւորություն ունեցող տեղեկատվություն է տարածել»:
Հարցին՝ այս կարգավորումը միտված է լրատվական դաշտն առողջացնելո՞ւն, թե՞ իրավիճակը ավելի կխճճի ու ԶԼՄ-ների համար նոր խնդիրներ կստեղծի՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այն լրատվամիջոցը, որն իրեն պատասխանատու եւ որակյալ է համարում, այստեղ որեւէ խնդիր պետք է որ չտեսնի, որովհետեւ եթե գործող պրակտիկան ենք նայում, տեսում ենք, որ ԶԼՄ-ն փորձում է թաքնվել անանուն աղբյուրի հետեւում եւ որեւէ պատասխանատվություն չկրելով՝ տարածում է ապատեղեկատվություն կամ ֆեյք լուր: Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք: Դա իսկապես ավելի մեծ վնաս է հասցնում տեղեկատվական դաշտին: Հասարակության մեջ այդ ապատեղեկատվության տարածումն առհասարակ անթույլատրելի է: ԶԼՄ-ն չի կորցնում հնարավորությունը որտեղից որ օգտվել է, շարունակի օգտվել: Հո չե՞ն ասում՝ ճշտեք դոմեյնը, միանգամից երեւում է, որ ֆեյք օգտատեր է, կամ էլ «Տելեգրամ» ալիքի չնույնականացվող աղբյուր է: Եթե այն ինֆորմացիան, որը չնույնականացվող աղբյուրից ԶԼՄ-ն վերցնում է, ինքը համարում է, որ դա հանրային նշանակություն ունի, հրապարակում է ու պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ի՞նչ խնդիր կա այդտեղ: Ես այս ձեւակերպմամբ այդ հարցում խնդիր չեմ տեսնում: Ավելին, դա միջազգային պրակտիկա է: Ինչ-որ մեկը տարածվող լուրի համար իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի:
Ստացվում է, որ գործընթացը գնում է ավելի որակյալ ու ավելի պատասխանատու լրատվական դաշտ ստեղծելուն: Մեր ամեն մի հարթակ, որը որեւէ տվյալ իր մասին չի ուզում հաղորդել, որը իր լսարանի հետ չի հաղորդակցվում, ու սրա մասին ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ներն էին ասում, թե այդքան հարթակներ են հանդես եկել, նրանք օրենքի դաշտում չեն աշխատում: Հիմա ավելի շատ այդ տիպի հարթակների համար է սա, որպեսզի նրանք պրոֆեսիոնալ եւ օրինական դաշտում աշխատեն ու օգտվելով ազատությունից բոլոր աղբյուրներից օգտվելու՝ նաեւ պատասխանատվություն ունենան, թե ինչ են իրենք տարածում»: