Yerevanlur-ի զրուցակիցն է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
– Պարոն Մելիքյան, օգոստոսից ամսից ինտենսիվ գործընթաց է ընթանում, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում՝ ամենատարբեր հիմնավորումներով, այս անգամ էլ առաջարկվում էր չնույնականացվող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանել լրատվամիջոցների վրա։ Առաջադրված սահմանափակումները Հայաստանում ի՞նչ իրավիճակ են առաջացրել։
– Իսկապես, երբ վերլուծում ենք օրենսդրական նախաձեռնությունները, տեսնում ենք, որ դա մի ամբողջ շղթա է, որը որևէ լավ բանի չի բերի։ Այդ ամենը, իհարկե, դատարկ տեղում չի ստեղծվել, համոզված եմ՝ գործընթացի վրա մեծ ազդեցություն է ունեցել 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակը, ինչպես նաև արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Մենք աննախադեպ իրավիճակ ունեցանք, երբ զրպարտությունը, հայհոյախոսությունը, ֆեյք լուրերը սովորական երևույթ էին դարձել, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է պահի տակ որոշում կայացնի և էմոցիոնալ ֆոնին կարգավորումներ կիրառի, որը վնաս կտա խոսքի ազատությանը, սակայն այժմ հայհոյախոսության ալիքը, ֆեյք լուրերի գործածումը պակասել է։ Մենք 30 տարվա անկախության ընթացքում լրագրողների աշխատանքների այդպիսի մոտեցում չէինք տեսել, ինչպիսին դրսևորեցին 8-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարները։ Բավականին տհաճ միտումներ են նկատվում, որոնք չեն կարող նպաստել լրատվական դաշտի առողջացմանը։
Մեր պայքարից հետո վերացվեց չնույնականացվող աղբյուրների վրա հղում կատարելու արգելքը․ մենք պահանջում էինք, որ օրենքի հեղինակները դիմեն Եվրոպայի խորհուրդ և օրինագիծը տային միջազգային փորձաքննության, որի արդյունքում բացասական եզրակացություն ստացվեց և դա հանվեց։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս ոլորտի համար պատասխանատուները կամ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովն ավելի սերտ համագործակցի լրագրողական կազմակերպությունների, անկախ փորձագետների հետ, ինչը հեղափոխությունից հետո նշմարվում էր, բայց այս իշխանություններն իրենց դրսևորեցին այնպես, ինչպես նախորդողները։
– Ինչպես նշում եք՝ կեղծ տեղեկատվության տարածումը նվազել է, այդ պայմաններում ինչու՞ է առաջնային դառնում լրագրողների աշխատանքում սահմանափակումների կիրառումը, այլ ոչ տարածողների դեմ պայքարը։
– Գործող ֆեյքերին չեզոքացնելու համար ռեպրեսիվ քայլեր են անհրաժեշտ։ Ամբողջ շեշտը պետք է դնել բովանդակության վրա, թե ինչ տեղեկատվություն է աղբյուրից տարածվում, եթե դա հակասում է օրենքին, պետք է պատասխանատվության ենթարկել։ Մեծ հաշվով՝ իրավապահ մարմինների համար մեծ խնդիր չէ հայտնաբերել ֆեյքերին և մեր իրավական պրակտիկայում այդպիսի դեպքերի ականատես արդեն եղել ենք, սակայն, այնուամենայնիվ, մարդուն չի կարելի արգելել հանդես գալ կեղծանունով, ի վերջո բազմաթիվ դասականներ հանդես են եկել կեղծանուններով, որոնք հիմնական անուններից ավելի տարածված են եղել։
– Պարոն Մելիքյան, ի տարբերություն նախորդ տարվա առաջընթացին՝ միջազգային կազմակերպություններն այս տարի Հայաստանում հակառակ պրոցեսն են արձանագրել, ընդ որում «Freedom House» և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություններին անհանգստացրել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ խոսքի ազատության առումով ։
– Միջազգային կազմակերպությունների գնահատականները համապատասխանում են այն իրավիճակին, որի ականատեսն ենք։ Ցավոք, միջազգային կազմակերպությունների գնահատականները իշխանությունների կողմից ադեկվատ արձագանք չեն ստանում։ Դա շատ վատ է, քանի որ եթե իշխանությունները հաշվի չեն նստում հայաստանյան փորձագետների գնահատականների ու կարծիքների հետ, դեռ ավելին՝ հաշվի չեն նստում միջազգային կառույցների գնահատականների հետ։ Լուրջ խնդիր է առաջանում և կարող են ուղղակի իրենք իրենց գնահատել և մեկուսանալ, ինչը բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Իշխանությունը չի կարող նվագել, պարել ու մտածել, որ բոլորը պետք է ծափահարեն․ փաստորեն նվագողը, պարողն ու ծափահարողն իրենք են, որը շատ վտանգավոր միտում է։ Կարծում եմ՝ ժողովրդի մանդատը ստանալուց հետո, շատ զգայուն և ականջալուր պետք է լինեն կարծիքներին, որոնք հնչում են հասարակական կազմակերպությունների փորձագետների, հանրության, առավել ևս՝ միջազգային կազմակերպությունների, որոնք բացասական գնահատական են տալիս։ Դա պետք է հիմք ծառայի աշխատաոճը բարելավվելու, օրենսդրական դաշտը կատարելագործելու, ոչ թե այսպիսի օրինագծեր առաջ քաշելու։