Factor TV-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ
–Միջազգային հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ 2021թ. արդյունքներն են ամփոփովել: Կազմակերպությունը քննադատաբար է վերաբերվում ՀՀ իշխանություններին. զեկույցում նշվում է, որ խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ անարդար կերպով։ Ըստ Amnesty International-ի՝ Հայաստանում սահմանափակվում են անկախ մամուլն ու ազատ խոսքը: Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ է կարևոր, որպեսզի պաշտպանվի ազատ խոսքը, և արդյո՞ք համաձայն եք այս գնահատականների հետ:
-Նախ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 1-2 տարիներին միջազգային կազմակերպությունները, հատկապես իրավապաշտպան կազմակերպությունները, շատ ավելի քննադատաբար են մոտենում, երբ հրապարակում են գնահատականները Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, քան 2018, 2019, 2020 թվականներին: Դա ունի իր հիմքերն ու պատճառները, այն պատրանքները, որ կային հեղափոխությունից հետո, որ մենք սպասում էինք մեծ ժողովրդավարական առաջընթաց, ցավոք, չիրականացան մինչև վերջ։ Իհարկե, ոլորտներ կան, որտեղ ակնհայտ է առաջխաղացումը, բարելավումը, բայց խոսքի ազատության ոլորտում և մարդու իրավունքների պաշտպանության այլ ոլորտներում լուրջ խնդիրներ կան:
-Եվ ընդունելի չեն իշխանության հիմնավորումները, թե տեսեք՝ մեզ բացեիբաց հայհոյում են՝ բերելով վարչապետի՝ Սյունիք կատարած այցի պատմությունը, երբ իսկապես բավականին տգեղ իրավիճակ էր ուղիղ եթերում․․․
-Դա անընդունելի է, անթույլատրելի է, դատապարտելի է, և այդ մարդիկ անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց ես երբեք չէի ուզենա, որ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը հայհոյախոսությունը խառնեն խոսքի ազատության հետ, մեղադրեն, որ հենց խոսքի ազատությունն է պատճառը, որ այսպիսի հայհոյախոսություն տարածվեց: Իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճելիս ես նշեցի, որ երբ նրանք ասում են, թե հենց խոսքի ազատությունն է հայհոյախոսության ու ատելության խոսքի պատճառը, ես այլ համեմատություն կարող եմ բերել. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ամբոխը մտավ Կառավարության շենք, ԱԺ և ջարդուփշուր արեց, արդյո՞ք հավաքների ազատությունն էր դրանում մեղավոր, իհարկե՝ ոչ, մենք գործ ունենք վայրենության, վայրագության հետ, որը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, բայց չի կարելի սահմանափակել հավաքների ազատության իրավունքը՝ հղում կատարելով այդ իրադարձությանը:
-«Իսկ ինչպե՞ս պարպել ատելության խոսքի, վիրավորանքի, հայհոյախոսության էներգիան, եթե ոչ խիստ պատիժներով, օրինակ՝ 6 միլիոն դրամ տուգանքով»,- այսպես հակադարձեց իշխանության ներկայացուցիչներից մեկը մեր տաղավարում կազմակերպված բանավեճի ժամանակ՝ ընդգծելով, որ պետք է ինչ-որ միջոցներով սահմանափակել հայհոյախոսությունը:
-Միջոցներ պետք է կիրառվեն, և կիրառվող միջոցները նախ պետք է լինեն համաչափ: Եթե նույնիսկ մեղմ միջոցը չես կիրառում, ընդամենն օրենքը խստացնելով, փոխհատուցման գումարները եռապատկելով, հասցնելով մոտավորապես 12 հազար դոլարի, իհարկե և՛ միջազգային, և՛ ամենակարևորը՝ հայաստանյան հասարակությունը հարց է տալիս՝ այդ ի՞նչ կենսամակարդակ է այստեղ և այդ ի՞նչ ահավոր իրավիճակ է, որ եռապատկվում է տուգանքի վերին շեմը վիրավորանքի և զրպարտության խոսքի համար։ Հաճախ պաշտոնյաները, հայտնի գործիչները կարող են օբեկտիվ քննադատությունն ընդունել որպես վիրավորանք և հաշվեհարդար տեսնել դատարանների միջոցով: Միջազգային կազմակերպությունները շատ տեղին են նշում, որ այդպես այդ խնդիրը չի լուծվում, բայց լուրջ խնդիրներ են առաջացնում խոսքի ազատության ոլորտում: Պետք է փոխվի քաղաքական մշակույթը, երկրի առաջին դեմքից մինչև խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները պարտավոր են բարեկրթության ու բարեվարքության օրինակ ծառայել, ինչը մենք չենք տեսնում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․