«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող փոփոխությունը, ու արդյոք այս մասով քննարկում եղե՞լ է մասնագիտական շրջանակների, այդ թվում՝ ձեզ հետ:
– Այս փոփոխությանը խիստ բացասական եմ վերաբերվում: Դեռ նախորդ փոփոխությունների ժամանակ արդեն տեղյակ էինք, որ այս փոփոխությունը ևս նախատեսված է, և մենք այդ փոփոխություններին բացասական գնահատական ենք տվել, որովհետև երևում է, որ իշխանությունները փորձում են այդ լիազորությունը տալ պետական մարմիններին ու, ըստ էության, հսկել հավատարմագրման գործընթացը:
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա շատ դեմ եմ նման փոփոխությանը ու, առհասարակ, համարում եմ, որ սա շարունակությունն է այն ռեգրեսիվ օրենքների շղթայի, որոնք նախորդ տարիներին ընդունեցին: Նկատի ունեմ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափի եռապատկումը, այսպես կոչված, ծանր վիրավորանքի քրեականացումը, պետական պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման սահմանափակումը:
Նկատելի է, որ այդ ռեգրեսիվ փոփոխությունները շարունակվում են, և որպեսզի այսպիսի իրավիճակների չհանդիպենք, և, առհասարակ, նոր օրենքներ ընդունելիս իշխանությունները հաշվի առնեն նախևառաջ տեղի փորձագետների, միջազգային փորձագետների կարծիքը, մենք գործընթաց ենք սկսում, որով պետք է համաձայնություն ձեռք բերվի ու հայեցակարգ մշակվի, որին էլ համապատասխան միայն կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ:
Եթե այս գործընթացը հաջողվի, մենք կկարողանանք ազդել գործընթացների վրա, որովհետև հիմա միայն կարծիք արտահայտելը բավարար չէ, ու տեսնում ենք, որ այդ կարծիքը կարող է և անտեսվել:
– Որպեսզի այդ ազդեցության լծակը կարողանաք ձեռք բերել, պե՞տք է իշխանության հետ համաձայնության գաք:
– Ազդեցության լծակ դժվար է անվանել, բայց, այո՛, մի շարք լրագրողական կազմակերպություններով նախատեսում ենք այդպիսի մի հուշագիր պատրաստել և ստորագրել նույն խորհրդարանի, գործադիրի ներկայացուցիչների հետ, որպեսզի հիմք լինի, ու միայն իշխանական ատյաններում ընդունված որոշումները չդառնան օրենք, որոնք հակասում են և՛ միջազգային մոտեցումներին ու պրակտիկային, և՛ չեն նպաստում մեզանում ինֆորմացիոն ոլորտի զարգացմանը:
-Պարո՛ն Մելիքյան, կոնկրետ այս դրույթի, որը ցանկանում են ավելացնել իշխանականները, անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք:
– Մեծ հաշվով, իհարկե, հասկանում եմ, թե ինչու են դա անում, բայց չի կարելի մեկ-երկու անձի սանձարձակ վարքի պատճառով օրենք փոխել: Կան բազմաթիվ այլ լծակներ ու հնարավորություններ այդ կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար: Այդպիսի փոփոխություն իհարկե պետք չէ, ու դրա անհրաժեշտությունը չկա նաև այն պատճառով, որ նման դեպքերում գոյություն ունեն նախազգուշացումներ:
Միջազգային փորձը ևս ցույց է տսլիս, որ նման պրակտիկան ընդունելի չէ: Առավել զարգացած երկրներում, առհասարակ, համարում են, որ հավատարմագրումը ոչ թե պետական մարմինների որոշելիքն է, այլ հենց լրատվամիջոցների: Մեզ մոտ ևս պետք է այնպիսի մոտեցումներ լինեն, որ չհակասեն միջազգային մոտեցումներին ու ժողովրդավարությանը, ու բացի այդ՝ լրացուցիչ խոչընդոտներ չստեղծեն լրագրողական աշխատանքների համար:
– Ստացվում է, որ այս դրույթը, այսպես կոչված, անցանկալի լրագրողներից ազատվելու նպատա՞կ է հետապնդում:
– Չի բացառվում ու, ամենայն հավանականությամբ, հենց դա է նպատակը: Բայց, կրկնում եմ, որ միջազգային փորձագետներն էլ են ասում, որ պետությունը չէ, որ պետք է որոշի՝ ով է լրագրող, ով՝ ոչ, դա խմբագրության որոշելիքն է:
– Ըստ ձեզ՝ ի՞նչ կետեր պետք է ներկայացվեն, որոնք խախտելու հիմքով պետական կառույցները կարողանան դադարեցնել լրագրողի հավատարմագրումն իրենց մոտ, որպեսզի դա չդիտվի կամայականության հետևանք, այլ լինի օբյեկտիվ որոշում:
– Չգիտեմ, կարծում եմ, որ իրենք հավատարմագրման կարգում կարող են փոփոխություններ մտցնել, պետք է շատ ուշադիր դրան հետևել, թե ինչ փոփոխություններ կանեն ու ինչպիսի խախտումների դեպքում կզրկեն լրագրողին հավատարմագրումից, բայց ես չէի ուզենա խորանալ այդ հարցով, որովհետև համարում եմ, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը պետք է ամբողջովին վերափոխվի ու համապատասխանեցվի ժամանակակից չափանիշներին:
Մենք նախաձեռնելու ենք այդ գործընթացը, և ես համարում եմ, որ հավատարմագրման գործընթացն ամբողջությամբ վերանայման կարիք ունի: Մենք կանենք մեր առաջարկները և հետևողական կլինենք, որ օրենսդրական փոփոխությունները նպաստեն ոլորտի զարգացմանը, այլ ոչ թե խոչընդոտեն:
– Պարո՛ն Մելիքյան, ձեր տպավորությամբ՝ այս չորս տարիների ընթացքում իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունները նպաստե՞լ են ոլորտի զարգացմանը, թե՞ հակառակը:
– Հետհեղափոխական շրջանի օրենսդրական փոփոխությունները ռեգրեսիվ բնույթի են, որոնց մասին ես բարձրաձայնել եմ: Տեսեք՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք ընդունեցին և հայտարարում էին, թե դա մաքրելու է հայաստանյան եթերը, բայց օրենքն ընդունելուց հետո հայաստանյան եթերը ոչ միայն չմաքրվեց, այլև մի շրջան եղավ, հատկապես հետպատերազմյան ու նախընտրական շրջանը, երբ եթերն ավելի վատն էր, քան մինչ այդ կար: Այսինքն՝ այդ օրենքը գլխավոր նպատակին չծառայեց:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքը հնացել է, բայց այն փոփոխությունները, որ փորձում են կատարել, համահունչ չեն միջազգային մոտեցումներին ու ամենևին էլ չեն լուծում գոյություն ունեցող խնդիրները: Եվ որպեսզի այս ռեգրեսիվ գործընթացի վրա փորձենք որոշ ազդեցություն ունենալ, սկսել ենք այդ գործընթացը, ինչի մասին արդեն ասացի:
Դժվար է ասել՝ կստացվի՞ համագործակցել, թե՞ չէ. կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ կշարունակենք մեր քննադատական մոտեցումներով որոշակի ազդեցություն ունենալ: