Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում են փոփոխություն կատարել։ Ըստ դրա՝ եթե լրագրողը պետական մարմինների աշխատանքային կանոնները խախտելու դեպքում նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտում է կանոնները, ապա պետական մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը։ Իսկ ԶԼՄ-ն իրավունք կունենա փոխել տվյալ լրագրողին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը Factor TV-ի հարցազրույցում կարծիք է հայտնում, որ սա մեկուկես տարվա ընթացքում ռեգրեսիվ օրենքների շարքում վերջին շտրիխն էր, որ արվեց։ «Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին եմ իրենց ասել, որ հավատարմագրման մերժումը սխալ քաղաքականություն է, որը միայն բացառիկ դեպքերում պիտի նախատեսվի։ Սակայն դա հաշվի չի առնվել»,- ասում է նա։ Կա՞ վտանգ, որ այս փոփոխությունը կարող է մեկնաբանվել կամայական և կիրառվել «ոչ ցանկալի» լրագրողների նկատմամբ։ Աշոտ Մելիքյանն այս հարցին դրական է պատասխանում։ «Գիտեք՝ մենք պարբերաբար տեսել ենք խորհրդարանում և պետական այլ մարմիններում որոշ լրագրողների անտակտ, մասնագիտության հետ որևէ աղերս չունեցող վարվելակերպին։ Բայց դա չի նշանակում, որ մեկ-երկուսի՝ այդպիսի վարքագիծը կանխելու կամ դրանից հրաժարվելու համար մի ամբողջ խորհրդարան պետք է օրենք փոխի, և փոխի այնպես, որ դա հակասի միջազգային մոտեցումներին։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- նշում է Մելիքյանը։