67 կողմ ձայնով, առանց ընդդիմադիր պատգամավորների, խորհրդարանն այսօր քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Քննարկումն Ազգային ժողովում երեկ կրկին առանց ընդդիմադիրների էր, որոնք այս օրերին չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքին և փողոցային պայքար են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս ընթացքում ուսումանսիրել է միջազգային փորձը, ազատ մամուլ ունեցող երկրները ի տարբերություն Հայաստանի, ձգտում են ամեն ինչ անել՝ լրագրողների հավատարմագրումը հնարվորինս դյուրացնելու համար։
«Լրագրողների հավատարմագրումը դա ոչ թե պետական մարմինների իրավունքն է, այլ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքն է, և եթե վերջիններս ուզում են հավատարմագրվել տվյալ պետական մարմնում, էդ պետական մարմինը պարտավոր է դա անել։ Որևէ երկրում վերջերս իմ կողմից ուսումնասիրված, եվրոպական երկրների մասին է խոսքը, հավատարմագրումից զրկելու գործառույթ չի նախատեսվում», – ասաց Մելիքյանը։
Մելիքյանի կարծիքով՝ այս փոփոխությունից հետո ևս Հայաստանը հայտնվելու է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։
«Այսօր կարող է լրագրողների վարքագիծն իրենց դուր չգա, վաղը դուր չգա հագուկապը, իսկ դրանից հետո դուր չգա, թե ինչպես են լուսաբանում իրենց գործունեությունը, ինչի են քննադատում», – ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Մելիքյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ապտգամավորները մի քանի լրագորղների հետ իրենց խնդրները լուծելու համար գնում են օրենսդրական մի փոփության, որը հարվածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական իմիջը։
Ավելին՝ Azatutyun.am