25 հոկտեմբերի, 2022թ., Երևան
Հայաստանի դատական ատյաններում քննվում է մի գործ, որը կարող է էական նշանակություն ունենալ տեղեկատվական վեճերի ոլորտում իրավական կարգավորման և դատական պրակտիկայի համար, որն էլ իր հերթին կազդի լրատվամիջոցների և ընդհանրապես խոսքի ազատության վիճակի վրա։ Երևանի առաջին ատյանի դատարանը 2022թ. հուլիսի 6-ին բավարարել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ՄՆԿ): Վերջինս այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, և վեճի հետագա ճակատագիրը մեծապես կարող է պայմանավորել հայաստանյան լրագրողական համայնքում հարաբերությունների բնույթը։
Գիտակցելով խնդրի արդիականությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, նպատակահարմար գտանք անդրադառնալ դրան ոչ թե «թարմ հետքերով», այլ ժամանակ հատկացնել վեճի հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությանը, որի հիման վրա միայն դիրքորոշում արտահայտել։
Վեճը սկիզբ է առել այն պահից, երբ հայցվորը բողոքներ է ներկայացրել factcheck.ge կայքում 2021թ․ հունիսի 16-ին և 20-ին տեղադրված երկու պայմանական «վճիռների» վերաբերյալ, որոնք անդրադառնում էին Hraparak.am կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի համապատասխան օգտահաշվի էջում հրապարակված՝ «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ». Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին» նյութին (2021թ․ հունիսի 9) և Սուսաննա Աբրահամյանի հեղինակային հաղորդմանը (2021թ․ հունիսի 18)՝ դրանք համարելով ապատեղեկություն պարունակող։ Factcheck.ge կայքը տնօրինող Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան, որը Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ է և մեր տարածաշրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հետ համագործակցությամբ իրականացնում է այդ հարթակով տարածվող բովանդակության փաստացի ճշգրտության ստուգման ծրագիր, հիմնազուրկ է համարել հայցվորի բողոքները:
Որպես վեճի շարունակություն՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի հայաստանյան գործընկեր, նշված պայմանական «վճիռները» պատրաստած «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ, թեև խնդրո առարկա հրապարակումը պատրաստվել էր ոչ միայն ՄՆԿ-ի կողմից, այլև վրացական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դատարանն էլ վճռել է ՄՆԿ-ին պարտավորեցնել factcheck.ge կայքում տեղադրել «զրպարտչական բնույթի» հրապարակումները հերքող գրառում, հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 դրամ՝ որպես հայցվորի «պատվին, արժանապատվությանը և բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասի» փոխհատուցում, ինչպես նաև՝ դատական ծախսերը:
Չցանկանալով խորանալ այս գործի զուտ դատավարական և իրավական այլևայլ մանրամասների մեջ, թեպետ դրանք լուրջ հարցեր են առաջացնում, չենք կարող, սակայն, կասկած չհայտնել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին անվերապահ պատասխանող ճանաչելու առնչությամբ այն պարագայում, երբ վերջինս իրավասու չէ իր հայեցողությամբ սեփական տեքստերը, այդ թվում նաև՝ հերքումները, հրապարակել մեկ այլ, ընդ որում՝ օտարերկրյա կազմակերպության կայքում։ Միևնույն ժամանակ, մենք՝ որպես ԶԼՄ-ների և խոսքի ազատության խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, նախևառաջ մտահոգված ենք դատական վճռի այն դրույթներով, որոնք ուղղակիորեն առնչվում են տեղեկատվական ոլորտին։
Նախ՝ ինչպե՞ս կարելի է այս կամ այն բովանդակությունը համարել զրպարտչական, եթե հավասարապես թե՛ հայցվորի կողմից տարածված տեղեկատվության հավաստիությունը, թե՛ պատասխանող կողմի արձագանքի հիմնավորվածությունը ապացուցված չեն, ընդ որում՝ վերջինիս վրա դատարանի կողմից չի դրվել իր ճշմարտացիության ապացուցման բեռը, իսկ factcheck.ge կայքի վիճարկվող տեքստերն ինքնին քննադատական դատողություններ են:
Երկրորդ՝ դատարանն ապահովել է մի կողմի իրավունքը՝ իր ընտրած աղբյուրներին հղում տալով տարածելու չստուգված տեղեկություններ, սակայն նույն իրավունքը մերժել է մյուս կողմին, որն իր գնահատականն է տվել այս հարցի վերաբերյալ՝ նույնպես հենվելով հանրության մեջ լայնորեն տարածված կարծիքների վրա։ Խոսքի ազատությունը հավասարապես բոլոր քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքն է, այդ թվում՝ լրագրողներին և լրատվամիջոցներին քննադատելու հարցերում, հատկապես երբ դա իրականացվում է մասնագիտացված կառույցների կողմից: Մի դեպքում այս իրավունքի պաշտպանությունը, իսկ մյուս դեպքում դրա սահմանափակումը չի կարող ընկալվել այլ կերպ, քան խտրական մոտեցում։
Երրորդ՝ խիստ խնդրահարույց է դատարանի կողմից պատասխանողին պարտավորեցնելը հրապարակել հերքում, որում ասվում է. «Հայտարարում ենք, որ «Հրապարակ օրաթերթ» խմբագրականը բարեխիղճ լրատվամիջոց է, որը պատշաճ, օրենսդրական և էթիկական նորմերի խիստ պահպանման պայմաններում իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը: Հարկ ենք համարում փաստել, որ լրատվամիջոցի կողմից չեն հրապարակվել որևէ կեղծ, իրականությունը խեղաթյուրող կամ ընթերցողին որևէ կերպ մոլորության մեջ դնող տեղեկություններ»։
Հարց է ծագում՝ ո՞վ կարող է իրեն թույլ տալ նման պնդում անել որևէ, թեկուզ ամենահարգված ու հեղինակավոր լրատվամիջոցի վերաբերյալ, որն, անշուշտ, չի կարող ապահովագրված լինել սխալներից ու բացթողումներից։ Տեղին ենք համարում նաև դատարանին հիշեցնել, որ միջազգային չափանիշներին համապատասխան՝ հերքման տեքստը պետք է ուղղակիորեն առնչվի վիճարկվող փաստերին, և դրանում կոնկրետ գործի հետ անմիջականորեն չառնչվող գնահատականներ ներառելու պահանջներն անօրինական են։
Չորրորդ՝ մեր պարտքն ենք համարում ուշադրություն հրավիրել բոլորին հայտնի այն հանգամանքի վրա, որ կեղծ տեղեկության տարածումն այսօր գլոբալ մարտահրավեր է, որին համարժեք պատասխանի փնտրտուքները ներկայումս ձեռնարկում են Հայաստանի իշխանության բոլոր թևերը, մեդիա և իրավապաշտպան համայնքները, ներառյալ լրագրողական կազմակերպությունները և, մասնավորապես, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: Փաստերի ստուգման հարթակների ստեղծումն այդ խնդրի լուծման արդյունավետ մեթոդներից է։ Ցավոք, դատարանը որևէ կերպ չանդրադարձավ և հաշվի չառավ տվյալ հարթակի կամ ընդհանրապես նման հարթակների գործունեության հանրային նշանակությունը, դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում։ Միևնույն ժամանակ, այդ հարթակները, ներկայացնելով գործունեության բավականին նոր ոլորտ, գտնվում են կայացման, տեղեկատվական դաշտի այլ խաղացողների, այդ թվում՝ ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, մեդիայի զարգացման մեջ ներգրավված կառույցների և այլնի հետ գործակցության ձևերի հաստատման փուլում: Այս բարդ գործընթացում առաջացած վեճերը դատական կարգով լուծելիս կտրականապես անընդունելի է այնպիսի մոտեցումների կիրառումը, որոնք հակասում են խոսքի ազատության և օրենքի առջև հավասարության սկզբունքներին, անտեսում են խնդրի առանձնահատկությունները՝ որպիսիք մենք տեսնում ենք այս նախադեպում։
Հինգերորդ՝ ցանկանում ենք շեշտել, որ դատական քննությունը, հատկապես մի ատյանի կողմից, որը, մեր կարծիքով, և ինչպես վկայում են վերը նշված փաստարկները, պատշաճ իրազեկվածություն չի դրսևորել, լավագույն միջոցը չէ ինչպես կոնկրետ լրատվամիջոցի իրավունքների պաշտպանության, այնպես էլ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների հանդեպ վստահությունն ու հեղինակությունն ամրապնդելու հարցերում: Այն պարագայում, երբ պատասխանողն իրապես առաջնորդվել է լսարանի որակյալ տեղեկատվական պահանջարկի ապահովմամբ, շատ ավելի արդյունավետ մեթոդ է կառուցողական մասնագիտական բանավեճերի ծավալումը, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառումը: Իսկ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ապատեղեկության տարածման դեմ սոցցանցերի ադմինիստրացիայի կողմից կիրառվող ծրագրերի հնարավոր հետևանքներով անհանգստացած իր գործընկերներին բազմիցս առաջարկել է հարթակ՝ համապատասխան քննարկումների և համատեղ լուծումներ փնտրելու համար։
Ընդգծելով, որ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հետևողականորեն հանդես ենք գալիս լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող անիրավաչափ միջոցների դեմ և համապատասխան մոտեցում ենք ցուցաբերում ինչպես ավանդական լրատվամիջոցների, այնպես էլ տեղեկատվական ոլորտում նոր երևույթների, այդ թվում՝ փաստերի ստուգման հարթակների առնչությամբ՝
- մեր մտահոգությունն ենք հայտնում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցով Երևանի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ․ հուլիսի 6-ի վճռի կապակցությամբ,
- ակնկալում ենք, որ վերոհիշյալ վճիռը կվերանայվի և կհամապատասխանեցվի խոսքի ազատության, որակյալ լրագրության և հավաստի տեղեկություն ստանալու հանրության իրավունքի շահերին, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող միջազգային նորմերին և ձևավորված պրակտիկային,
- կոչ ենք անում բոլոր գործընկերներին պատրաստ լինել սեփական գործունեությանը վերաբերող բաց քննարկումներին, դրանցում ծագած տարաձայնությունները մասնագիտական համերաշխության և փոխըմբռնման ոգով լուծելուն՝ դրանով իսկ ամրապնդելով դատական գործընթացին այլընտրանք ինքնակարգավորման մեխանիզմների կիրառման պրակտիկան։
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ