«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը.
– Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսի վերաբերյալ եմ ձեր դիտարկումներն ու գնահատականը խնդրում, քանի որ կրկին թիրախավորվեցին մեր գործընկերները՝ արժանանալով ամենատարբեր գնահատականների:
– Նախևառաջ պետք է գնահատել այն, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, շարունակում է մամուլի ասուլիսներ անցկացնել այն ձևաչափով, որն ի սկզբանե կիրառել էր, այսինքն՝ բավական երկար, ես նույնիսկ կասեի՝ շատ երկար, առանց որևէ լուրջ սահմանափակումների: Այնտեղ ներկայացված էին գրեթե բոլոր լրատվամիջոցները, որոնք հետաքրքրություն էին դրսևորել այդ մամուլի ասուլիսին մասնակցելու համար:
Այս անգամ մեզ չի հասել, գուցե եղել է, տեղեկություն, թե ովքեր չեն հրավիրվել, այսինքն՝ մամուլի ասուլիսը բավականին բաց էր և, որպես այդպիսին, իհարկե խրախուսելի:
Շատ կարևոր է, որ քաղաքական անցուդարձեր, հատկապես Ղարաբաղի հարցում կարևոր շրջադարձեր են լինում, Նիկոլ Փաշինյանն իր պարտքն է համարում այդ ամենը մամուլի ասուլիսի միջոցով ներկայացնել հանրությանը, ու պետք է ասել, որ ինչքան էլ լրագրողները թիրախավորվեն այս կամ այն անձանց, խմբերի, փորձագետների կողմից, այնուամենայնիվ, նրանց հաջողվել է բոլոր հուզող հարցերն ուղղել վարչապետին, ու այստեղ էլ որևէ բաց տեղ կարծես թե չի մնացել:
Առհասարակ դժվար էլ կլիներ իհարկե պատկերացնել, որ 5,5 ժամում չհնչեին բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը: Միգուցե ինչ-որ մեկն այլ կերպ ձևակերպեր այդ հարցերը, շեշտադրումներն այլ լինեին, բայց բոլոր կարևորագույն հարցերը տրվեցին, ու եղան պատասխաններ:
Հանրությանը բավարարո՞ւմ են պատասխանները. իհարկե այստեղ էլ ճաշակի հարց է, մասնավորապես մի շարք հարցեր, կապված Հայաստանի ներգրավվածությանը ԼՂ ապագային վերաբերող հարցերի լուծման մասով, չէին բավարարում: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ներգրավված լինի ու ավելի լիազորություններ ունենա, մասնավորապես, այլընտրանքային լուծումներ առաջարկելու և քննարկելու դրանք եռակողմ բանակցությունների ընթացքում:
Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ԼՂ-ի ղեկավարության ու Հայաստանի ղեկավարության միջև առաջացել է որոշակի անջրպետ, որն անհրաժեշտ է հաղթահարել, ու ամեն դեպքում կոորդինացնել միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության հետ շփվելու և՛ մոտեցումները, և՛ քայլերը: Առանձին-առանձին այդ շփումները շատ ավելի քիչ արդյունք կարող են տալ, քան համատեղ, հավասարակշռված քայլերը, եթե ձեռնարկվեն:
Ընդհանուր առմամբ, ասուլիսն ինձ վրա դրական տպավորություն թողեց, կարծում եմ՝ վատ չի լինի, եթե այս պարբերականությունը պահպանվի, ու առնվազն մեկ-երկու ամիսը մեկ նա այսպիսի մեծ ասուլիս հրավիրի:
Բացի այս, անկեղծ ասած, ես նաև կողմնակից եմ, որ երկրի առաջին դեմքը հանդես գա ամենշաբաթյա ուղերձներով, ինչը բնորոշ է ժողովրդավարական երկրների ղեկավարներին, բայց դա արդեն իր ընտրությունն է: Ամեն դեպքում, գոնե եթե այսպիսի հաճախականությամբ ու ձևաչափով ասուլիսները լինեն, սա հանրության հետ շփվելու համար լավ մոտեցում է:
– Այսինքն՝ համակարծիք չե՞ք քննադատություններին, որ լրագրողները իջեցրել ենք լրագրության մակարդակը, որ տրված հարցերն անտեղի էին և այլն:
– Սա միանգամայն այլ խնդիր է, և դրա համար մամուլի ասուլիսներ պետք չեն, որ արձանագրվի այն, որ լրագրության մակարդակը շատ է իջել, պրոֆեսիոնալիզմը մեր ոլորտում ուղղակի աննախադեպ ցածր մակարդակի է հասել, ու պատճառներից մեկն այն է, որ լրատվամիջոցներն այժմ ավելի շատ են, քան պրոֆեսիոնալ լրագրողները, ու լրագրության ոլորտ մտնում են բազմաթիվ մարդիկ, որոնք չեն տիրապետում անհրաժեշտ հմտություններին, հեռու են լրագրողական էթիկայից և այլն:
Սա նաև հասարակության դեգրադացիայի արտացոլումն է, հասարակությունը ևս դեգրադացիայի է ենթարկվել, ու այստեղ միայն լրագրողներից պահանջել բարձր պրոֆեսիոնալիզմ ու անբասիր կեցվածք, մի քիչ բարդ է, որովհետև լրագրողական հանրությունը հասարակության մի հատվածն է, որն արտացոլում է հասարակության վիճակն առհասարակ, ու այս առումով, իհարկե, համաձայն եմ:
Բայց արդյոք մամուլի ասուլիսը՝ որպես այդպիսին, չծառայե՞ց իր գլխավոր նպատակին: Այդ մարդկանց ուզում եմ հարց տալ՝ արդյոք լրագրողները չկարողացա՞ն հղել բոլոր հարցերը, որոնք հուզում են հասարակությանը: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը միանշանակ է. լավ-վատ, մեկը՝ մի քիչ ավելի հաջող, մյուսը՝ անհաջող, բայց ընդհանուր առմամբ ասուլիսը ծառայեց իր նպատակին, ու հանրությունը երկրի առաջին դեմքից ստացավ բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք այսօր պետք է իմանա:
Այս առումով ես խնդիրը լուծված եմ համարում, կարելի՞ էր ավելի լավ, որակյալ ու խոր հարցեր տալ, իհարկե կարելի էր: Անկախության շրջանում լրագրողները երբևէ չեն ունեցել առաջին դեմքերի հետ բաց ու անկաշկանդ շփվելու նման հնարավորություն:
– Պարո՛ն Մելիքյան, ձեր նշած պատճառների մեջ, որոնք նպաստել են լրագրության որակի իջեցմանը, արդյոք չե՞ն մտնում նաև քաղաքական էլիտաների վարքագիծը, վերաբերմունքն այս կամ այն երևույթի նկատմամբ, ընդ որում՝ նկատի ունեմ և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը:
– Լրագրողների գործունեության վրա, այո՛, ազդեցություն է թողնում հասարակության, առաջին հերթին՝ քաղաքական դաշտի պառակտվածությունն ու բևեռացումը և կենաց-մահու կռիվը, որտեղ բոլոր մեթոդներն ու միջոցները կիրառվում են հակառակ ճամբարի ներկայացուցիչներին ու իրենց կողմից սպասարկվող լրատվամիջոցներին նսեմացնելու, ոչնչացնելու համար:
Ի վերջո, հենց այդ քաղաքական շրջանակներից է գալիս պատվերը, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ լրատվամիջոցները ևս բևեռացված են և ծառայում են տարբեր քաղաքական ուժերի ու հաճախ կատարում են այդ ուժերի պատվերը, իսկ պատվերը հենց այդպիսի վարքագծի մեջ է, և ազդեցությունն այստեղ, իհարկե, ուղիղ է:
Այս մասով, իհարկե, կա այդ ազդեցությունը, բայց այնպես չէ, որ դա միայն իշխանության վարքագծին է բնորոշ, չնայած նրանց վարքագիծը ևս շատ վատ դրսևորում ունի և՛ որպես քաղաքական ուժ, և՛ որպես կառավարող ուժ: Բնական է, որ իշխանության վատ վարքագիծը, էթիկական կողմից եմ նայում, իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա:
Շատ հաճախ շարքային քաղաքացին ասում է՝ դե, եթե իշխանության ներկայացուցիչը կամ հայտնի գործիչը թույլ է տալիս նման վարքագիծ, այսինքն՝ հայհոյախառն արտահայտություններով խոսել, խորհրդարանում միմյանց մռութ ջարդել, ուրեմն նույնը կարելի է նաև շարքային քաղաքացուն, գուցե մի փոքր էլ ավելին: Սա իհարկե լուրջ խնդիր է, որը պահանջում է քաղաքական ուժերից վերանայել իրենց վարքն ու գործելաոճը:
Քրիստինե Աղաբեկյան