13 հոկտեմբերի, 2023թ․, Երևան
Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։
Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը հինգ տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․
- ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար,
- հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Լուսանկարը՝ yeravan.am-ի