«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, օրերս խորհրդարանում մեկնարկեցին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Անդրանիկ նիստին, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, լրագրողներին արգելեցին մտնել այդ դահլիճ, իսկ օպերատորներին՝ ոչ: Խորհրդարանի համապատասխան բաժինը սա բացատրեց սրահում տեղ չլինելու հանգամանքով: Հատկանշական է սակայն, որ բյուջեի քննարկումներին մշտապես ներկա են եղել լրագրողները, եթե անգամ նստելու տեղ չեն ունեցել: Ինչպե՞ս եք գնահատում այս նախադեպը:
– Միանգամից ասեմ, որ սա շարունակությունն է այն սահմանափակումների, որի ականատեսը եղանք 2021 թվականի օգոստոսից, երբ ութերորդ գումարման խորհրդարանը իր գործունեության հենց առաջին օրվանից տեղաշարժի սահմանափակումներ կիրառեց լրագրողների նկատմամբ, ինչը հակասում էր միջազգային նորմերին ու խոսքի ազատության պաշտպանության սկզբունքներին:
Լրագրողական կազմակերպություններով մի շարք հայտարարություններ այս առումով արեցինք, բայց, ցավոք, իրավիճակը չի փոխվում, առհասարակ անհրաժեշտություն կա վերանայելու լրագրողների հավատարմագրման կարգը:
Սահմանափակումները, որոնք գործում են տարատեսակ միջավայրերում, համաչափ չեն, ու այս գործընթացի շարունակությունն էր նաև ձեր կողմից հիշատակված դեպքը:
Ես սա կարող էի հասկանալ, եթե խոսքն այնպիսի նիստի վերաբերեր, որում քննարկվում են պետական գաղտնիքներ կամ առհասարակ գաղտնիքներ, բայց ոչ բաց նիստերին, ու սա իսկապես առաջին դեպքն է, որ լրագրողները չեն մասնակցում բյուջեի նախագծի քննարկման լուսաբանմանը:
Սա արտառոց երևույթ է ու վատ նախադեպ, տարօրինակ էր ընդհանուր մոտեցումը՝ օպերատորներին թողնել, իսկ լրագրողներին՝ ոչ: Այս փաստը մենք կարձանագրենք մեր եռամսյակային, այնուհետև տարեկան զեկույցում՝ որպես լրագրողական գործունեության անհիմն սահմանափակում:
– Նմանօրինակ սահմանափակումները Նիկոլ Փաշինյանի անձո՞վ են պայմանավորված:
– Չեմ կարծում, որ անվտանգության նկատառումներով կամ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ է դա պայմանավորված: Սա ուղղակի մոտեցում է, այսինքն՝ լրագրողներին հնարավորինս հեռու պահել քաղաքական այն գործընթացներից, որոնց վերաբերյալ իշխանությունն ավելի լայն լուսաբանում չի նախատեսում: Սա իշխանության ընդհանուր քաղաքականությունն է, որը արատավոր է, շատ խոցելի ու դատապարտելի: