Newday կայքի խմբագիր, լրագրող Անի Գեւորգյանն օրերս փորձել էր նկարել Նիկոլ Փաշինյանին, սակայն կարմիր եւ սեւ բերետավորները նրան խոչընդոտել էին ու քաշքշել:
«Սա առաջին դեպքը չէ, նման գործողություններ եղել են նաեւ մի քանի տարի առաջ՝ Եռաբլուրում: Այն ժամանակ եւս մի քանի տասնյակ ոստիկաններ էին կանգնել, որ Փաշինյանին մոտենալու հնարավորություն չլինի»,-ասաց Անի Գեւորգյանը:
Aravot.am-ը երեւույթի մասին մեկնաբանություն խնդրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից: «Ցավոք, սա շատ տիպիկ դեպք է իշխանության ներկայացուցիչներ-լրագրողներ հարաբերություններում: Այս պարագայում հստակ երեւում է, թե ինչպես լրագրողը չի ուզում ենթարկվել օրինական պահանջներին մի կողմից, եւ մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները շատ յուրովի են մեկնաբանում օրենքը, եւ երկու կողմն էլ որեւէ կոմպրոմիսի պատրաստ չեն: Անվտանգության աշխատակցի բացատրություններն առ այն, որ երբ երկրի ղեկավարը հայտնվում է որեւէ տեղում, այդ տեղը ժամանակավորապես դառնում է հատուկ պահպանման տարածք, բավարար պետք է լինեին, որպեսզի լրագրողը հասկանար, որ այդ պահանջները հիմնավորված են օրենքով: Մյուս կողմից երեւում է, որ անվտանգության աշխատակիցները կոմպրոմիսի պատրաստ չեն, որպեսզի լրագրողը կատարի իր գործունեությունը; Առհասարակ, մեզանում կան մի խումբ լրագրողներ, որոնք իրենց համար ստեղծել են իրենց պատկերացումներով ինչ-որ նորմեր, որոնք շատ հաճախ հակասում են եւ օրենքին, եւ լրագրողական էթիկայի նորմերին: Հասկանալի է, որ եւ խոսքի ազատությունը, եւ լրագրողի գործունեությունը ունեն իրենց սահմանափակումները, որոնք նախատեսված են եւ միջազգային նորմերով եւ երկրի օրենսդրությամբ: Լրագրողը պետք է շատ լավ իմանա այդ սահմանափակումները: Մյուս կողմից՝ նաեւ իշխանության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ լրագրողը հանրային նշանակության գործունեությամբ է զբաղվում, կարելի է գտնել տարբերակներ, որպեսզի լրագրողը կարողանա իրականացնել իր գործունեությունը․․․»: