6 հունվարի, 2024թ․, Երևան
Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։
Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։
Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։
Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․
- առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա,
- նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
լուսանկարը՝ hetq.am-ի