ԽԱՊԿ-ին կից գործող՝ Մեդիայի պաշտպանության հիմնադրամը հայտարարում է, որ այսուհետ լրագրողներն ու լրատվամիջոցները կարող են դիմել՝ անվճար իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաև, դատական վեճերում ներգրավված լինելու դեպքում, փաստաբանական ծառայություն ստանալու համար։ Դատական գործերով փաստաբանական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելիս Հիմնադրամը հաշվի է առնելու հետևյալ չափանիշները․
1) մասնագիտական էթիկայի համընդհանուր նորմերի հիման վրա ձևավորված՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգում տվյալ լրատվամիջոցի ներգրավվածությունը կամ այդպիսի ինքնակարգավորման մեխանիզմներից որևէ մեկի կիրառումը,
2) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ամբողջական ելքային տվյալների հրապարակումը,
3) ըստ նույն օրենքի՝ սեփականության թափանցիկության ապահովումն ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը,
4) դատական հայցի առիթ դարձած հրապարակման հասարակական հնչեղությունը,
5) դատական գործի նշանակությունը ընդհանուր տեղեկատվական դաշտի համար։
Հիմնադրամը կարող է դիտարկել նաև դատական գործով հենց լրատվամիջոցի կողմից ընտրված փաստաբանի ծառայությունների վճարման հարցը։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և/կամ փաստաբանական աջակցություն ստանալու համար զանգահարեք 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, գրեք info.cpfe@gmail.com էլեկտրոնային փոստին կամ https://www.facebook.com/cpfe.armenia ֆեյսբուքյան էջին։
Հիմնադրամը գործում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID Armenia) միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է «Ինտերնյուս» կազմակերպությունը (Internews in Armenia)՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
ԽԱՊԿ առաքելությունն է ամրապնդել երկրում խոսքի ազատությունը, պաշտպանել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները՝ ճանապարհ հարթելով որակյալ լրագրության տարածման համար։