ՀՀ տարբեր մարզերի լրատվամիջոցների 20 լրագրող վերապատրաստվել է «Ատելության խոսք և խոսքի ազատություն. որտե՞ղ են սահմանները» թեմայով դասընթացին:
Թեմայի հրատապությունը պայմանավորված էր վերջին տարիներին՝ հատկապես 2018թ․ հեղափոխությունից և ապա՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո մամուլում լայնորեն տարածվող ատելության խոսքով։ Սա նաև օրենսդրական թերությունների և ինքնակարգավորման մեխանիզմների թերզարգացման արդյունք է, ինչը բազմիցս շեշտել են նաև միջազգային կառույցներն ու փորձագետները։
Ինտերակտիվ խաղերով, պրակտիկ թեմաների քննարկումներով հագեցած դասընթացներն անցկացրել են մարդու իրավունքների հարցերով միջազգային փորձագետ, Տեղեկատվական վեճերի խորհրդի և ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։
Դասընթացը կազմակերպել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – CPFE– ն՝ USAID Armenia-ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում, որն էլ իրականացնում է Internews in Armenia-ն:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը և Internews in Armenia ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը ողջունել են մասնակիցներին, ներկայացրել ծրագիրը և շեշտել թեմայի կարևորությունը մեդիայի զարգացման գործում:
Սույն դասընթացի կազմակերպումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: