30 մարտի, 2024թ․, Երևան
Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր, ընդ որում՝ ոչ պակաս արժեքավոր, չեն տարել, և կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու, վախեցնելու և լռեցնելու փորձ։
Այս վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Սիմոնյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվում։ Այսպես՝ անցած տարվա հունիսին նա սպառնալիքներ է ստացել և բախվել հետապնդումների, երբ բարձրաձայնել է քրեական անցյալ ունեցող մի անձի ապօրինի տնտեսական գործունեության հետ կապված հարցեր։ Թեև այս առիթով հարուցվել է քրեական գործ, մինչ այժմ դրանում որևէ առաջընթաց չի նկատվում։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները և, ի գիտություն ընդունելով, որ նրա տեսախցիկը գողանալու առնչությամբ նույնպես հարուցվել է քրեական գործ, պահանջում ենք․
- Լոռու մարզի ոստիկանությունից՝ ամենայն լրջությամբ վերաբերվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի դեմ ոտնձգությունների փաստերին և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար,
- Լոռու մարզի դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել լրագրող Կարինե Սիմոնյանի իրավունքների խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի նկատմամբ և ապահովել դրանց քննության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ