Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում միջադեպ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրանց փոքր դստեր մասնակցությամբ։ Հուշահամալիր այցի ժամանակ մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի սկսեցին վանկարկել «Նիկո՛լ թուրք», «Նիկո՛լ, ցեղասպան»։
Սոցցանցերում քննարկումները բաժանվեցին երկու մասի։ Մի մասն ասում է, որ մարդիկ ունեն իրենց քաղաքական հայացքները արտահայտելու իրավունք ցանկացած ֆորմատով, մյուս մասն էլ ասում է, որ նման պիտակավորումները ամենևին էլ խոսքի ազատություն չեն, հակառակը՝ ատելության խոսքի դրսևորում են։
Միջադեպը լայն արձագանք ստացավ նաև լրատվամիջոցներում։ Մի շարք լրատվականներ միջադեպը լուսաբանում էին հենց այն շեշտադրումով, որ Աննա Հակոբյանին և դստերը դիմավորել են այդպիսի վանկարկումներով, շատերն էլ ուղիղ եթերների ժամանակ տեսախցիկը չէին հեռացնում նրանցից՝ ցույց տալու համար, թե ինչ ապրումներ, հույզեր ունեն այդ պահին։
Այս միջադեպից հետո մասնավորապես սոցիալական ցանցերում նկատվեց ևս մեկ երևույթ։ Բոլոր նրանք, ովքեր չէին միանում վարչապետի դստերը կարեկցող գրառումներին, հրապարակում էին այլ երեխաների լուսանկարներ, ինչպես օրինակ 44-օրյա պատերազմի զոհերի, տեղահանված արցախցի երեխաների կամ Տավուշի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների, ու հորդորում հենց նրանց կարեկցել։
Ի վերջո՝ կատարվածն էթիկայի խախտում էր, թե ոչ։ Թեմայի շուրջ զրուցել ենք ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի և ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի հետ, որոնք ներկայացնում ենք ստորև․
Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան.
Տեղի ունեցածը բարոյական խնդիր է։ Աննա Հակոբյանը հիշատակի արարողությանը մասնակցում էր մանկահասակ երեխայի հետ և հավաքված չակերտավոր հայրենասերները պետք է, իհարկե, հաշվի առնեին այդ փաստը։ Գործելաոճը՝ քաղաքակիրթ մարդկային հարաբերություններին հարիր չէր։
Լոզունգները, որոնք հնչում էին, վիրավորանք էին պարունակում։ Դրանք մտածված էին, միտումնավոր, որոնց համար նախատեսված է պատասխանատվություն Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով։
Տեղի ունեցածը նաև ատելության խոսքի դրսևորման օրինակ էր։ Չեմ կարծում, որ այդ վանկարկումներ անողները մինչև վերջ հասկանում են, թե ինչ է նշանակում օրինակ ցեղասպան բառը։ Սա ոչ այլ ինչ է, քան սանձարձակության դրսևորում։ Կարծում եմ, որ նման դրսևորումները պետք է արժանանան ոչ միայն իրավական հետևանքների, այլև՝ հանրային պարսավանքի։
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ մարդիկ ունեն ազատ արտահայտվելու իրավունք, այո, ունեն, բայց քաղաքական խոսույթը չի ենթադրում, որ պետք է անցնես սահմանը, որտեղից սկսվում է մարդու արժանապատվությունը, պատիվը, համբավը, վիրավորես նրան, արտահայտես ատելություն։ Չնայած շատերը փորձում են սանձարձակությունը քողարկել խոսքի ազատության դրսևորման տակ, բայց այդ սահմանն այդքան էլ անտեսանելի չէ։ Եթե իսկապես չեն հասկանում տարբերությունը, ապա կրթական լուրջ խնդիր կա, գիտելիքի պակաս կա։
Պետք է հիշել, որ անկախ ամեն ինչից երեխաներին օգտագործել մեդիա տիրույթում որպես քաղաքական գործոն չի կարելի։ Դա զազրելի մանիպուլիացիոն երևույթ է։ Երեխան մնում է երեխա, նրա զգացմունքների մասին պետք է հոգ տանել, հաշվի պետք է առնել նրան հոգեկան վիճակը։ Իսկ հակադրել՝ առավել ևս չի կարելի։ Դա կեղտոտ մանիպուլիացիա է։
Յունիսեֆը ուղեցույց ունի այն մասին, թե ինչպես պետք է լուսաբանել երեխաների ու նրանց հետ կապված հարցերը։ Մանրամասն նկարագրված են այդտեղ լրագրողի անելիքները։ Բայց ասեմ, որ եթե երեխան հայտնվել է քաղաքական նման իրադարձության կենտրոնում, օրինակ որևէ ակցիայի կամ բողոքի ցույցի է մասնակցում, առնվազն պետք է երեխայի ծնողների թույլտվությունը ստանալ՝ նրան նկարելուց կամ նրա հետ զրուցելուց առաջ։
Աննա Հակոբյանի դստեր պարագայում հնարավոր չէր իհարկե խուսափել նկարահանումից կամ թույլտվություն ստանալ, բայց կարելի էր առնվազն նրբանկատություն ցուցաբերել, տեսախցիկները րոպեներով չսևեռել երեխայի վրա՝ հուզված ու խառնված վիճակը ցույց տալու համար։ Երեխային նսեմացնելու տեսարանը կարող է իր հետևանքները ունենալ նրա հետագա կյանքում։