Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին կից գործող՝ Մեդիայի պաշտպանության հիմնադրամը շարունակում է աջակցել լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ տրամադրելով անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական ծառայություններ՝ դատական վեճերում նրանց իրավունքներն ու շահերը լավագույնս ներկայացնելու համար։
Փաստաբանական աջակցություն տրամադրելու որոշում կայացնելիս Հիմնադրամը հաշվի է առնում հետևյալ չափանիշները․
1) մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա գործող՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգում տվյալ լրատվամիջոցի ներգրավված լինելը կամ այդպիսի ինքնակարգավորման մեխանիզմներից որևէ մեկի կիրառումը,
2) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ամբողջական ելքային տվյալների հրապարակումը, սեփականության թափանցիկության ապահովումն ու տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը,
3) դատական հայցի առիթ դարձած հրապարակման հասարակական հնչեղությունը,
4) դատական գործի նշանակությունը տեղեկատվական դաշտում ընդհանուր իրավիճակը բարելավելու համար։
Հիմնադրամը կարող է դիտարկել նաև դատական գործով հենց լրատվամիջոցի կողմից ընտրված փաստաբանի ծառայությունների վճարման հարցը։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և/կամ փաստաբանական աջակցություն ստանալու համար զանգահարեք 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, գրեք info.cpfe@gmail.com էլեկտրոնային փոստին կամ https://www.facebook.com/cpfe.armenia ֆեյսբուքյան էջին։
Հիմնադրամը գործում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID Armenia) միջոցով իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագիրն իրականացնում է «Ինտերնյուս» կազմակերպությունը (Internews in Armenia)՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։
ԽԱՊԿ առաքելությունն է ամրապնդել երկրում խոսքի ազատությունը, պաշտպանել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները՝ ճանապարհ հարթելով որակյալ լրագրության տարածման համար։