«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քննադատել է Հանրային հեռուստաընկերության լրագրողին։ Իշխանական պատգամավորները երեկվանից ակտիվորեն դատապարտում են կատարվածը, բայց շարունակում են լռել այն մյուս դեպքերի մասին, երբ իրենց աջակիցներն են լրագրողներին վիրավորում:
«Իշխանության ներկայացուցիչները սովորաբար շատ ակտիվ դատապարտում են, երբ ճնշման է ենթարկվում լրագրող հենց պրոիշխանական թևից, բայց ես պետք է ասեմ, որ այդ նույնը նաև նկատվում է ընդդիմադիր դաշտում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Շատ ավելի հասկանալի և ընդունելի մոտեցում կլիներ, եթե իշխանությանն ներկայացուցիչները դատապարտեին ոչ միայն այն լրագրողների նկատմամբ թիրախավորումները և խոչընդոտումները, երբ այդ լրագրողները ներկայացնում են պրոիշխանական մամուլը, այլ նաև ցանկացած լրագրողի նկատմամբ թիրախավորումը և բռնությունը և խոչընդոտումը դատապարտեին», – ասաց Աշոտ Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտում է՝ լրատվամիջոցներն իրենց կողմնակալության մեջ մեղադրելու առիթներ չպետք է տան, իսկ քննադատությունն էլ պետք է բարեկիրթ լինի։ Փորձագետն ընդգծում է՝ թիրախավորման դեպքերը կարող են ճնշումների և նույնիսկ ֆիզիակական բռնությունների հանգեցնել: