Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – ն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի/ Media Initiatives Center-ի հետ գործակցությամբ սեպտեմբերի 22-ին անցկացրել է «Էքստրեմալ լրագրություն․ պատերազմների, ներքին ճգնաժամերի և բողոքի ակցիաների լուսաբանում» թեմայով դասընթաց լրագրողների համար:
Մասնակիցներին ողջունել է ֆրանսիացի լրագրող, մեդիա խորհրդատու և հաղորդակցության փորձագետ Նատալի Պրևոն, որը ճգնաժամերի և մարդասիրական թեմաների լուսաբանման 30 տարվա փորձ ունի, մասնագիտացած է մարդու իրավունքների և անվտանգության հարցերում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր բացման խոսքում կարևորել է լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացման շարունակականությունը: Հիշեցնենք, որ սա ԽԱՊԿ-ի նախաձեռնած երրորդ դասընթացն է այս տարվա ընթացքում՝ ուղղված լրագրողների իրավական գիտելիքների բարելավմանը:
Դասընթացը վարել են մարդու իրավունքների հարցերով միջազգային փորձագետ, Տեղեկատվական վեճերի խորհրդի և ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։
Ներկայացվել և մեկնաբանվել են թեմային վերաբերող իրավական նյութեր, օրենսդրական կարգավորումներ, մասնագիտական էթիկայի նորմեր, կատարվել են իրավիճակային քննարկումներ ու վերլուծություններ։
Դասընթացը կազմակերպվել է USAID Armenia -ի կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում, որն էլ իրականացնում է Internews in Armenia-ն: