«Շողակաթ» հեռուստաընկերության հետ կատարվածը խիստ տագնապալի երևույթ է․ Աշոտ Մելիքյան․ MediaLab.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ ընթերցմամբ, որով եթերազրկվում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Որոշ կարծիքների համաձայն՝ իշխանության այս նախագիծը հենց ուղղված էր «Շողակաթը» փակելուն՝ Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերություններից ելնելով։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, նախագծի հիմնավորումները բավարա՞ր եք համարում։

– Այս որոշումն ու նախագիծն ունեն քաղաքական համատեքստ, ու դա հերքել հնարավոր չէ, իշխանություն-Եկեղեցի առճակատումը հասավ նաև «Շողակաթ» հեռուստաընկերությանը, մեծ հաշվով սա է պատճառը, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը արժանացավ այդ ճակատագրին։

Բազմիցս ենք խոսել այն մասին, թե կրոնական կազմակերպությունն իրավունք ունի՞ հեռուստաընկերություն ունենալու կամ հովանավորելու մեզանում: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հարցը Հայաստանում միշտ լուծվել է քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, երբ թույլ են տվել, դա եղել է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, երբ չեն թույլատրել՝ դարձյալ նույն պատճառով։

2020 թվականի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նշված է, որ կրոնական կազմակերպությունները չեն կարող հիմնել հեռուստաընկերություն, իսկ մեկ այլ հոդվածում ասվում է, որ իրենք չեն կարող նաև հովանավորել հեռուստաընկերությունները։ Այս առումով, այդ փոփոխությունը կապվում է այս արգելքների հետ, բայց մյուս առումով հարց է առաջանում, թե ինչո՛ւ այդ կարգավորումը չի կիրառվել այդ տարիներին, այլ կիրառվում է այն պահին, երբ լարված են իշխանություն-Եկեղեցի հարաբերությունները։

Մեզ համար ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք Հանրային հեռարձակողն ունենալու է առանձին ծրագիր, որը մասնագիտացված կլինի ու կլուսաբանի այն թեմաները, որոնք արվում էին «Շողակաթ» հեռուստաընկերությունում։ Սա Հանրային հեռարձակողի սուրբ պարտականությունն է, այդ թեմաները լայնորեն լուսաբանել, հանրային շահը պահանջում է, որ Հանրային հեռարձակողն ունենա այդպիսի ծրագիր։

Ինչ վերաբերում է հիմնավորումներին, ես կարծում եմ, որ դրանք ամենևին էլ համոզիչ չեն, դրանք ընդամենը ընդհանուր ու ապակողմնորոշող բառեր են, այլ ոչ հիմնավորումներ։ Այստեղ քաղաքական դրդապատճառներն են դեր ունեցել, քանի որ գոյություն ունի Եկեղեցի-իշխանություն լարվածություն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.