2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԼՄՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2008 թվականը ծանր փորձությունների ժամանակաշրջան էր Հայաստանի ԶԼՄ-ների համար։ Տեղեկատվական ոլորտում վերջին վեց տարիներին նկատված հետընթացի միտումները հատկապես ուժեղացան նախագահական ընտրությունների ժամանակ` իշխանության եւ ընդդիմության միջեւ դիմակայության պայմաններում։ Հետխորհրդային Հայաստանում բազմիցս է այսպես եղել (եւ դա հաստատվում է նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտություններով). երբ ներքաղաքական իրավիճակը սրվում է, որպես կանոն, ակտիվանում են նաեւ ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները։ Սակայն 2008-ը աննախադեպ էր ոչ միայն լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների քանակով, այլեւ՝ զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ գրաքննություն կիրառելու փաստերով։

Երկրի լրագրողական կազմակերպությունների գնահատականներով, հեռուստաընկերությունների մեծ մասի` 2008-ի նախընտրական իրադարձությունների եւ բուն ընթացքի, ինչպես նաեւ՝ հետընտրական ժամանակաշրջանի քաղաքական գործընթացների ծայրահեղ կանխակալ լուսաբանումը ամենից առաջ հենց հեռարձակվող ԶԼՄ-ների վրա իշխանությունների ուժեղացող ճնշման ուղղակի հետեւանքն էր։ Իսկ մարտի 1-ից 20-ը Երեւանում հայտարարված արտակարգ դրությունը ուղեկցվեց տպագիր մամուլի նկատմամբ ապօրինաբար նախնական գրաքննություն մտցնելով, ինտերնետային կայքերի արգելափակմամբ, այլախոհության հետապնդմամբ։

Լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների յուրաքանչյուր լուրջ խախտում` Հայաստանում մամուլի ներկայացուցիչների դեմ բռնության դեպքերը, խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված միջոցառումները համապատասխան արձագանք են ստացել նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես, փետրվարի 21-ին §Լրագրողներ առանց սահմանի¦ (RSF) կազմակերպությունը կոչ արեց պատժել Հայաստանի նախագահական ընտրությունները լուսաբանող լրագրողների վրա հարձակման մեղավորներին։ §Իշխանությունները պետք է լրջորեն վերաբերվեն այդ միջադեպերին,- հայտարարել է կազմակերպությունը,- լրագրողներն ընդամենը իրենց գործն են անում¦։ Փետրվարի 22-ին ընտրական տեղամասերում բռնության եւ սպառնալիքի դեպքերի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ §Հյուման Ռայթս Ուոթչ¦ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը Հայաստանի իշխանություններին կոչ արեց նախագահական ընտրությունների օրը լրագրողների եւ դիտորդների դեմ կատարված իրավախախտումների հետաքննություն անցկացնել։ Մայիսի 30-ին հրապարակվեց  2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության եզրափակիչ հաշվետվությունը։ ԶԼՄ-ներին նվիրված բաժնում նշված է.

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ