ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄ–ՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երրորդ եռամսյակային զեկույց
(հուլիս – սեպտեմբեր, 2010 թ.)
2010 թվականից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին եռամսյակային միջանկյալ զեկույցներ, ընդգրկելով ՝
1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություներն ու գործընթացները,
2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,
3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,
4. Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները:
Առաջին եռամսյակային զեկույցը ներկայացվել է ս.թ. ապրիլի 8-ին, երկրորդը՝ հուլիսի 21-ին:
Սույն զեկույցն ընդգրկում է 2010 թվականի հուլիս – սեպտեմբեր ամիսները:
1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը
2010 թվականի երրորդ եռամսյակում ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենքներ կամ օրենքներում փոփոխություններ չեն ընդունվել:
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010 թ. հուլիսի 20-ին եւ 27-ին հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթները: Մինչ այդ՝ հունիսի 27-ին ՀՌԱՀ-ը հաստատել էր այդ մրցույթի անցկացման կարգը: Ընդհանուր առմամբ հայտարարվել է 25 մրցույթ:
Սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների հնչեցրած կարծիքները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Ըստ Արմեն Արզումանյանի` կազմակերպությունների եւ անհատների ընդգրկմամբ ներկայացուցչական խումբը կնպաստի առկա խնդիրների առավել համակողմանի քննարկմանը: