«Լրագիր», 19.01.2010

2012 թ. ԸՆՏՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել քաղաքացիական օրենսգրքի փոփոխության մասին մի օրինագիծ, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Դրանով նախատեսվում է ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը, սակայն ֆինանսական մեծ տույժեր սահմանել զրպարտության համար, ինչը շատ փորձագետների հիմք է տալիս կարծել, որ դրանով լրատվամիջոցների գլխին է կախվելու սնանկացման վտանգը: Այդ օրինագծի վերաբերյալ հունվարի 19-ին Ուրբաթ ակումբում կարծիք են հայտնել խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը եւ կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Աշոտ Մելիքյանի կարծիքով “դա ռեգրեսիվ օրինագիծ է, քանի որ նոր իրավունք չի վերապահում ԶԼՄ-ներին, իսկ սահմանափակումները կան բավականին”: Մելիքյանը հայտարարել է, որ կփորձեն իրենց ուժերի ներածին չափով աշխատել Ազգային Ժողովի հետ, այդ օրենքի մտահոգիչ պահերը շտկելու համար: Ավելի հոռետես է Մեսրոպ Հարությունյանը:

“Ես կարծում եմ, որ եթե քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կատարվեն, ապա 2012 թվականին մենք ունենալու ենք փայլուն ընտրություններ, ոչ մի խախտում չի լինելու, որովհետեւ խախտում արձանագրող չի լինելու: Խախտում արձանագրողներ չեն լինելու, ինչպես հիմա հեռուստաընկերությունները ոչ մի ընտրախախտում չեն արձանագրում, որեւէ մեկը հեռուստատեսությամբ տեսա՞վ որեւէ ընտրախախտում 10-րդ ընտրատարածքի ընտրություններում: Չտեսավ: 2012 թվականին մեր տպագիր լրատվամիջոցներում էլ չենք տեսնելու: Այդպիսի հոռետեսական կանխատեսում եմ անում: Դե, ինտերնետը 2012 թվականին այդքան շատ մարդ չի նայելու”, ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.