«Լրագիր», 19.01.2010

ԲՌՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ՆՈՒՅՆՆ Է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը եւ  կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը  հունվարի 19-ին Ուրբաթ ակումբում  ներկայացրել են 2009 թվականին  լրատվամիջոցների եւ լրագրողների  աշխատանքի հանդեպ բռնության,  միջամտության, խոչընդոտների հետ կապված  իրավիճակը: Դրան օժանդակել է բաց հասարակության օժանդակության ինստիտուտ հիմնադրամը: Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ուսումնասիրությունը, նշել է, թե տարին կարելի է բաժանել երկու մասի: 2009 թվականի առաջին կեսին լրագրողների հանդեպ բռնությունները բավական շատ են եղել, հատկապես մայիսի 31-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը: Իսկ տարվա երկրորդ կեսը, համաձայն ուսումնասիրության, եղել է համեմատաբար հանգիստ:

“Եվ այս առումով մենք իսկապես փաստում ենք մի բան, որը որ ասում ենք ամեն տարի, որ քաղաքական իրավիճակների սրման պարագայում ավելանում են նաեւ, ուժեղանում են, սաստկանում են լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ոտնձգությունները”, ասում է Աշոտ Մելիքյանը: Նրա ներկայացրած տվյալով, եթե լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ոտնձգությունները քանակի առումով համեմատում ենք 2008 թվականի հետ, ապա դրանք նվազել են: Բայց Աշոտ Մելիքյանը նշում է, որ դա ամենեւին էլ բարվոք վիճակի վկայություն չէ, քանի որ եթե համարենք, որ քաղաքական իրադարձությունների առումով 2009 թվականը համեմատաբար հանգիստ տարի էր, ապա լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ ոտնձգությունների հետ կապված վիճակը կրկին շատ մտահոգիչ է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրել է արձանագրած միջադեպերն ըստ իրենց սահմանած բաժանման` ֆիզիկական բռնություններ, անուղղակի միջամտություն, թաքնված գրաքննություն եւ տեղեկատվական ազատության սահմանափակումներ: Մեսրոպ Հարությունյանը հիշատակել է Գագիկ Շամշյանի, Արգիշտի Կիվիրյանի հանդեպ բռնությունների դեպքերը, նշել Նվեր Մնացականյանի հանդեպ բռնության մասին, որը վերագրվում է կենցաղային պատճառի, չնայած որ լրագրողը նշում է, թե տեսել է կոնկրետ այն անձանց ընկերությանը պատկանող մեքենան, որը պատվիրել է իր վրա հարձակումը:

Ինչ վերաբերում է ոչ ֆիզիկական բռնության տեսքով խոչընդոտներին, ապա Մեսրոպ Հարությունյանը թվարկելով մի քանի օրինակներ, նշել է իրենց կարծիքով ամենավատ օրինակը, որը վտանգավոր նախադեպ է: “Դա Չորրորդ իշխանություն թերթի կասեցման վերաբերյալ դատարանի վճիռն է: Ինչով էլ դա հիմնավորված լինի, ինչ ձեւով էլ դա հիմնավորվի, իբրեւ հայցի ապահովման միջոց, կամ իբրեւ ինչ, միեւնույն է, մենք համարում ենք, որ այդ, այդպիսի դատարանը կայացրել է հակաօրինական վճիռ: Որովհետեւ Հայաստանում, զանգվածային լրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, թերթի  հրատարակության դադարեցում, կասեցում եւ այլն, նախատեսված չէ, եւ դատարանի այդ վճիռը հակասում է ինչպես Հայաստանի սահմանադրության 27-րդ հոդվածին, այդպես էլ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին”, ասում է փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Աշոտ Մելիքյանը նկատել է, թե ընդհանրապես 2009 թվականին շատ են եղել լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ դատական պրոցեսները, ինչը կարող էր դրական լինել, այն իմաստով, որ մարդիկ սկսել են իրենց խնդիրները լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ոչ թե մահակով լուծել, այլ դատարանում: “Սակայն, քանի որ մեր դատական համակարգը առայժմ այնպիսին է, որ միշտ չես կարող արդարության հասնել, շատ ժամանակ հաղթում է ավելի հարուստը եւ շատ լծակներ ունեցողը, դա առայժմ թույլ չի տալիս մեզ լավատեսորեն նայել ապագային”, ասում է Աշոտ Մելիքյանը:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե ընդհանրապես ինչպիսին է խոսքի ազատության մակարդակը Հայաստանում, Աշոտ Մելիքյանն ասել է, որ իրենք այդպիսի գնահատական տալու համար ուսումնասիրություն չեն իրականացրել, սակայն համաձայն են այդ առումով միջազգային կազմակերպությունների տված գնահատականներին, դրանք ընդհանուր առմամբ համարելով իրականությանը համապատասխան:

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.