«Հրապարակ», 20.01.2010

Վիճակը մխիթարական չէ

2009-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 14 եւ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 13 դեպք: Արձանագրվել են նաեւ թաքնված ճնշումների եւ գրաքննության դեպքեր: Երեկ, ներկայացնելով Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների մասին 2009թ. տարեկան զեկույցը, այս մասին նշեցին խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Աշոտ Մելիքյանի խոսքով, 2009թ. առաջին վեց ամիսները լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների տեսանկյունից նախորդ՝ 2008-ի  բացասական միտումների շարունակությունն են եղել, իսկ Երեւանի ավագանու ընտրություններին եղել են նույնքան ֆիզիկական բռնությունների եւ խոչընդոտումների փաստեր, որքան դրանց նախորդող ամիսներին: Երեւույթը, որ քաղաքական գործընթացների ժամանակ բռնությունների դեպքերը շատանում են,  բանախոսներն արդեն ձեւավորված ավանդույթ համարեցին: Ներկայացնելով կոնկրետ օրինակներ, Մեսրոպ Հարությունյանը հիշեցրեց այդ ժամանակահատվածում ֆիզիկական բռնության ենթարկված լրագրողներ՝ “Շանթ” ՀԸ մեկնաբան Նվեր Մնացականյանի, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ “Armenia today” էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանի հետ կատարվածը, իսկ “Չորրորդ իշխանություն” թերթի գործունեությունը կասեցնելու փորձը արտառոց եւ վատ նախադեպ համարեց: 2009-ի երկրորդ կիսամյակը համեմատաբար հանգիստ է եղել: Թեեւ 2008-ի համեմատ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների  եւ խոչընդոտումների ցուցանիշները որոշակիորեն պակասել են, այնուամենայնիվ իրավիճակը բարվոք չէ եւ շարունակում է տագնապալի մնալ: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ արձանագրված փաստերը իրական պատկերը չեն ներկայացնում, ոչ բոլոր լրագրողներն են բարձրաձայնում իրենց հետ կատարվածը: Իսկ ինչ վերաբերում է ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, դրանք ԶԼՄ-ների վրա թաքնված ճնշում գործադրելու հնարավորություններ են պարունակում եւ, Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ, ռեգրեսիվ են՝ իրավունքների տեսանկյունից ոչինչ չեն տալիս, բայց սահմանափակումներ կան: “Եթե քաղաքացիական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները կատարվեն, ապա 2012-ին մենք ունենալու ենք փայլուն ընտրություններ, ոչ մի խախտում չի լինելու, որովհետեւ խախտում արձանագրող էլ չի լինելու, ինչպես հիմա հեռուստաընկերությունները ոչ մի խախտում չեն արձանագրում: Որեւէ մեկը հեռուստատեսությամբ տեսա՞վ 10-րդ ընտրատարածքի խախտումները: Չտեսավ: 2012-ին տպագիր լրատվամիջոցներում էլ չենք տեսնելու այդ ամենը”,- օրինագծերի ընդունման պարագայում հայրենական ԶԼՄ-ների տխուր վիճակը կանխատեսեց Մեսրոպ Հարությունյանը: “Ամեն մի հեռարձակող արդեն գիտի իր անելիքները, գիտի ինչ կարելի է լուսաբանել եւ ինչ չի կարելի լուսաբանել, եւ արդեն բանը հասնում է նրան, որ մի հրամանով հեռարձակողները կարող են բոյկոտել ինչ-որ քաղաքական գործչի  ասուլիս կամ ոչ հաճո հասարակական կազմակերպությունների ղեկավարների ասուլիսներ: Հեռարձակման ոլորտն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության տակ”,- Աշոտ Մելիքյանն այսպես պատասխանեց Հայաստանի ԶԼՄ-ների, մասնավորապես հեռուստաընկերությունների ազատության վերաբերյալ լրագրողների հարցին:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.