«Կսկսվի նոր, ավելի վերահսկելի փուլ»
Այս տարվա 2-րդ եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ եղել է ֆիզիկական բռնության 3, տարբեր տեսակի ճնշումների, ինչպես նաեւ` տեղեկություններ ստանալու ու տարածելու խախտումների 5-ական դեպք: Սրանք «Խոսքի ազատության կոմիտե»-ի 2010թ. 2-րդ եռամսյակի միջանկյալ զեկույցի տվյալներն են:
Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի Կսկսվի նոր, ավելի վերահսկելի փուլ
Այս տարվա 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ եղել է ֆիզիկական բռնության 3, տարբեր տեսակի ճնշումների, ինչպես նաեւ` տեղեկություններ ստանալու ու տարածելու խախտումների 5-ական դեպք: Սրանք «Խոսքի ազատության կոմիտե»-ի 2010թ. 2-րդ եռամսյակի միջանկյալ զեկույցի տվյալներն են:
Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ այս տարի ֆիզիկական բռնությունների դեպքերը նվազել են 5-ով, տարբեր տեսակի ճնշումների դեպքերը ավելացել են մեկով, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու խախտումները` 4-ով:
Զեկույցն անդրադարձել է ԶԼՄ-երի գործունեության օրենսդրական դաշտին, քաղաքական եւ տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ` լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության վիճակին:
«Ա1+»-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ հատկապես վերջին շրջանում այն եզրակացությանն է գալիս, որ խոսքի ազատությունը դարձել է «քաղաքական կատեգորիա, իսկ լրատվամիջոցներն իրենց գործունեությամբ` քաղաքական համակարգի մի մաս», որի հեւանքով անաչառ լրատվամիջոցնեըի թիվը պակասել է:
«Խոսքի ազատության կոմիտե»-ի փորձագետ Մեսոպ Հարությունյանն էլ նշեց, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները պայմանավորված են քաղաքական միջավայրի ազդեցությամբ:
«2009թ. 2-րդ եռամսյակում ընթանում էր Երեւանի ավագանու ընտրությունները, եւ բռնությունների 8 դեպքից 5-ը այդ ժամանակ է եղել: Այս տարվա 3 դեպքը եւս քաղաքական լարված իրավիճակների ազդեցության տակ են եղել` մայիսի վերջին Ազատության հրապարակում ՀԱԿ ակտիվիստերի կազմակերպած ակցիաների ժամանակ»,-ասաց նա:
Փորձագետի դիտարկումներով` տարատեսակ ճնշումները երբեմն լինում են էմոցիայի ազդեցության տակ. «Ես համոզված եմ, որ եթե 2-րդ անգամ կարդան հոդվածը, այդպես չեն վարվի: Երբեմն դրա պատճառը ուժի ցուցադրումն է լինում, երբեմն էլ լրագրողն է սադրում»:
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնություններին` բանախոսները նշեցին, որ դրանցով անցած եռամսյակը բավականին բուռն էր: Առանձնացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները` Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ դասական իմիտացիայի բնույթ էր կրում ՀԿ-երի հետ իշխանությունների համագործակցելու փորձը. «Սկզբում հետաքրքրություն առաջացավ, իսկ հետո` փաստի առաջ կանգնեցինք ու տեսանք, որ որեւէ լուրջ առաջարկ ընդունված չէ»:
Ըստ նրա` ԶԼՄ ոլորտը կարգավորող օրենքները բավականին պրոգրեսիվ են ու լավ դրութներ են պարունակում, բացառությամբ վերոնշյալ օրենքի, որը նրա կարծիքով` բազմաթիվ առումներով հակասում է միջազգային չափանիշներին եւ խանգարում հեռարձակողների գործունեությանը:
Ինչ վերաբերում է կապուղիների մրցույթին, ապա ըստ նրա` դրանով նոր փուլ կսկսվի, որը ավելի վերահսկելու ձգտում կունենա.«Եթե իշխանությունները նախքան մրցույթն արդեն որոշել են, որ 18 հեռուստաընկերություն պետք է լինի, ապա կարծում եմ` այս մոտեցմամբ որեւէ ազատականացում լրատվական ոլորտում չի կարելի սպասել մոտակա տարիներին, իսկ դա շատ տագնապալի է»:
Մեսրոպ Հարությունյանը եւս լավատես չէ եւ կարծում է, որ մրցույթը թափանցիկ չի լինելու, այլ կլինի միայն դրա իմիտացիան. «Ամբողջ գործընթացը գնում է նրան, որ պահպանվի վերահսկելի եթերի այսօրվա իրավիճակը եւ դեռ միգուցե ավելին: Տա Աստված, որ մեր կանխատեսումները չիրականանան, թեեւ առայժմ գործընթացները դրան են տանում»: