«Թերթ.am», 12.04.2011

ԶԼՄ-ների դեմ դատական հայցեր ներկայացնելու քանակը աննախադեպ էր. Աշոտ Մելիքյան

Անցյալ եռամսյակի ընթացքում արձանագրվել է զանգվածային լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների նկատմամբ իրավախախտումների 15 դեպք, 4 տեղեկատվություն տարածելու խոչընդոտ, և ոչ մի իրավախախտում ֆիզիկական բռնության ձևով։ Այս մասին այսօրվա ասուլիսին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով «Խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցը:

Ըստ նրա՝ աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու քանակը. անցյալ տարվա երեք դեպքի փոխարեն այս տարի արդեն ներկայացվել է տասը դատական հայց։ Սա, ըստ բանախոսի, հետևանքն էր վիրավորանքի և զրպարտության օրենքի ապաքրեականացման, ինչպես նաև ոչ միայն պատգամավորների, այլև գործարարների և հասարակության կողմից իրենց մասին արտահայտված կարծիքների հանդեպ անհանդուրժողականության: «Ընդհանուր առմամբ այդ դատական հայցերը դիտարկում ենք որպես ճնշումներ»,- ասաց Մելիքյանը:

Նա հիշեցրեց, որ անցյալ տարի առաջին եռամսյակում հինգ ֆիզիկական բռնության դեպք է գրանցվել լրագրողների նկատմամբ. «Ուրախալի է, որ կոնֆլիկտներն այլևս բռունցքներով չեն լուծվում, այլ տեղափոխվում են դատարաններ և դա բավական դրական միտում է։ Ուրիշ հարց է, որ դատարաններն անաչառ չեն, դատական համակարգն անկախ չէ, և դրանք դառնում են գործիք լրատվամիջոցներից հաշվեհարդար տեսնելու համար»,- ասաց Մելիքյանը:

Նա հաղորդեց, որ տեղեկատվություն տարածելու առումով ևս արձանագրվել է իրավախախտումների նվազում՝ անցյալ տարվա առաջին եռամսյակի վեցից դարձել է չորսը:

Սակայն, ըստ բանախոսի, բերված տվյալները չեն հավակնում վիճակագրական ճշգրտության. լրատվական դաշտի վրա ճնշումներն ավելի շատ են եղել, բայց լրատվամիջոցները հաճախ այդ մասին չեն խոսել. «Մեր գործընկերները չեն ուզում ժամանակ վատնել և խորացնել կոնֆլիկտը»,- ասաց Մելիքյանը:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ դատարաններին ուղղված հանդուրժողականության կոչին՝ Մելիքյանը նշեց. «Օմբուդսմենն արեց այն, ինչ պիտի աներ՝ կոչ դատավորներին։ Նա չի, որ դատական համակարգի անկախությունը պիտի ապահովի. սա լուծվում է քաղաքական բարձրագույն ատյաններում. նա շատ քիչ հնարավորություն ունի այդ առումով»:

Վիրավորանքն ու զրպարտությունը, ըստ նրա, միշտ տարբեր հոդվածներ են եղել. «Վիրավորանքի առումով կա սուբյեկտիվ ընկալման տարր, և սահմանումն այնքան հստակ չէ, որ սուբյեկտիվիզմը նվազեցնի»,- նշեց նա:

Մելիքյանը նշեց, որ քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող լինեն մամուլի քննադատությունների նկատմամբ՝ հիշելով, որ լրագրողական ազատությունը լրագրողին թույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության և սադրանքի։ «Այստեղ ևս կան սահմաններ, և արդյոք անցել է լրատվամիջոցն այդ սահմանները, թե թե ոչ, իրոք, պետք է որոշվի դատարանի միջոցով. իսկ դատարանում այդ սահմանը մեկնաբանվում է հօգուտ ուժեղների»,- նշեց նա:

Բանախոսը դիտարկեց ևս մի քանի մասնավոր դեպք՝ ընդհանուր առմամբ նշելով, որ այսօր զանգվածային լրատվամիջոցների համար ամենամեծ վտանգը ներկայացնում է ֆինանսապես ճնշումների մեխանիզմով աշխատող վարչական դատական հայցերի հնարավորությունը:

Տես` http://tert.am/am/news/2011/04/12/ashotmeliqyan/

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.