«Հայկական ժամանակ», 21.05.2011

Ուզում են ասել` կամ լռեք, կամ սնանկացեք

Պարզվում է` «Արմնյուզ» հեռուստաընկերությանը գտնելը եւ դատական նիստի մասին ծանուցելը կարող է 10-ից ավելի օր տեւել: Գուցե դրա պատճառն այն է, որ թեեւ այդ հեռուստաընկերությունը գործում է «Արմենիայի» տարածքում եւ, ինչպես բազմիցս ենք նշել` «Արմենիայի» տեխնիկայով ու լրագրողներով (այս թեմայով «Արմենիայի օպերատորները նույնիսկ կատակներ են անում), սակայն գրանցված է այլ հասցեում:

«Ա1+» հեռուստաընկերության գործով նախորդ դատական նիստը մայիսի 11-ին հետաձգվեց հենց այն պատճառաբանությամբ, որ «Արմնյուզը» ծանուցվի` այդ նիստում որպես երրորդ կողմ հանդես գալու մասին: «Ա1+»-ը պնդում է, որ «Արմնյուզը» չպետք է հաղթող ճանաչվեր 2010-ի դեկտեմբերին ՀՌԱՀ-ի հայտարարած կապուղիների մրցույթում, նաեւ այն պատճառով, որ բազմաթիվ սխալ տեղեկություններ է ներկայացրել մրցույթում, այդ թվում` իր տվյալների մասով: «Ա1+»-ը այդ մրցույթում պարտվել էր «Արմնյուզին»:

«Ա1+»-ի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանից երեկ տեղեկացանք, որ իրենք դեռ չեն տեղեկացվել հաջորդ դատական նիստի օրվա մասին: Չնայած հնարավոր է, որ դատարանն է հնարավորինս ձգում նիստը` քաղաքական իրավիճակի պատճառով: Բանն այն է, որ «Ա1+»-ի առաջին նիստը նշանակվել էր հայցադիմումը Վարչական դատարան մուտքագրվելուց 3 ամիս անց միայն` դատարանի զբաղվածության պատճառաբանությամբ: «Դատարանը անելու է այն, ինչ ուզում է քաղաքական վերնախավը, իսկ քաղաքական վերնախավը առայժմ չի ուզում «Ա1+» ունենալ եթերում»,- երեկ մեզ հետ զրույցում սկսված դատական գործընթացի մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա, թեկուզ դատարանը բավարարել է «Արմնյուզին» որպես երրորդ կողմ դատական գործընթացում ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը, բայց դա դեռ քիչ է ինչ-որ սպասելիք ունենալու համար. «Եթե անկախ դատական համակարգ լիներ, իհարկե սպասելիքներ կունենայի, բայց բոլորս գիտենք, որ «Ա1+»-ի հետ կապված խնդիրը քաղաքական պատվեր է, եւ 13 անգամ «Ա1+»-ի պարտվելը մրցույթներում նույնիսկ եվրոպական կառույցների հեգնանքն է առաջացնում»:

Քոչարյանը տվե՞ց թուղթը
11 օրից ավելի էլ անցել է «Հրապարակ» օրաթերթի գործով դատական նիստի հետաձգումից: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թերթի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 7-ին: «Հրապարակի» դեմ հայց ներկայացրած Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արփինե Մելիքբեկյանը նախորդ նիստին միջնորդեց հետաձգել այն, քանի որ չկարողացավ դատարանին ներկայացնել Քոչարյանից 3 միլիոն դրամ փաստաբանական ծախս պահանջելու մասին հավաստագիրը: Փաստաբանն ասաց, որ այն գտնվում է Քոչարյանի մոտ: Մեզ հետ զրույցում, խոսելով մամուլի դեմ ներկայացվող հայցերի առատության մասին, Աշոտ Մելիքյանն ասաց, որ այդ առումով վիճակը ներկայումս ճգնաժամային է: Դրական քայլ համարելով վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումը, Մելիքյանը կարծում է, որ այն էլ մեր երկրում օգտագործվեց այնպես, ինչպես միշտ: Փորձագետն ասաց, որ ինքը չէր մտածի, թե իշխանությունները օրենքի այդ փոփոխությունը արեցին ընդդիմադիր մամուլին ֆինանսական սնանկացման հասցնելու համար, «եթե օրինագծերը ընդունելուց հետո հենց իշխանության ներկայացուցիչները, պատգամավոր օլիգարխները, երկրորդ նախագահն ընտանյոք հանդերձ այդպես ակտիվորեն չօգտվեին մամուլի հետ իրենց հաշիվները մաքրելու համար… Դա շատ անսպասելի էր, հասուն քաղաքական գործիչների համար անհարիր, որովհետեւ երբ նորից վերցնում ես եւ կարդում այդ նյութերը, տեսնում ես, որ ընդհանուր առմամբ լրատվամիջոցները այնպիսի խախտումներ չեն արել, որոնք համապատասխանում են վիրավորանքի եւ զրպարտության օրենսդրական ձեւակերպումներին»:

Հ.Գ. ԽԱՊԿ-ն երեկ հրապարակեց Հայաստանի պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակի մասին զեկույց, որը կազմվել էր այդ մարմինների կայքերի փետրվար-ապրիլ ամիսների աշխատանքի հիման վրա: Ըստ այդմ, ամենաթափանցիկը Տրանսպորտի եւ կապի նախարարության կայքն է (46,96 տոկոս): Վերջին տեղում է ՊԵԿ-ի կայքը (4,17 տոկոս): Արտակարգ իրավիճակների նախարարությունը միակն է, որ կայք չունի: ԱԱԾ կայքը, որպես փակ մարմնի կայք, չի դիտարկվել:

Սյուզաննա Պողոսյան

Տես` http://www.armtimes.com/25215

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.