Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անցկացրած՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի երկրորդ փուլը համընկավ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանի հետ: Այս հրապարակմամբ առանձնացրել ենք այն հիմնական թեզերը, որոնց համավարակի շրջանում հակաերվրոպական համատեքստում անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական քարոզչության միջոցներից մեկը՝«РТР-Планета» հեռուստաընկերությունը։ Ընդ որում՝ ինչպես լրատվական ծրագրերում, այնպես էլ թոք-շոուներում:
Այսպես, մարտի 22-ին «Մեծ լուրեր» («Большие вести») ծրագրի վարող Դմիտրի Կիսելյովը չարախնդաց. «…Փլուզվեց Շենգենյան գոտին… Իրենց սահմանների նկատմամբ հսկողություն են հաստատել Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Հունգարիան. Չեխիան, Դանիան, Լիտվան: Այսինքն՝ ազատ տեղաշարժման Շենգենյան գոտին 26 երկրներում արդեն չկա: Փաստորեն սա եվրոպական գաղափարի կործանումն է… Համերաշխության, փոխօգնության, ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և հումանիզմի մասին բառերի այդ ամբողջ կեղծ զարդանախշը ասես քամուց քշված լինի»:
Մեկ շաբաթ հետո՝ մարտի 29-ին նույն հաղորդավարը իր ծրագրում շարունակեց. «Շենգենն այս շաբաթ դարձավ 25 տարեկան: Սակայն այդ հոբելյանն ավելի նման է հուղարկավորության՝ առանց սահմանային ուղեփակոցների, միասնական Եվրոպայի երազանքի ցավոտ հրաժեշտի…»:
Համավարակի թեմայի քննարկման ժամանակ նույն գիծն էր առաջ տանում նաև «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային թոք-շոուի վարողը: Մասնավորապես, մարտի 29-ի թողարկման ժամանակ Սոլովյովը, մեջբերելով իտալացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մատեո Սալվինիի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ն օձերի և շնագայլերի որջ է, հայտարարեց. «Վիրուսը մահվան սպառնալիք է Շենգենյան գոտուն»: Ավելին, նա վստահաբար հայտնեց, թե միացյալ Եվրոպայի մասին արդեն խոսք լինել չի կարող: «Ի՞նչ է, Եվրոպան չի՞ մեռել: Այն չի՞ բաժանվել փոքր բնակարանների: Այն չի՞ արգելել երթևեկությունն իր ներսում», – հարցնում էր Սոլովյովը:
Ըստ էության, Եվրամիության ներսում համավարակի դեմ պայքարում հարկադրաբար ձեռնարկված միջոցառումները ռուսաստանյան լրագրողները, փաստերի մանիպուլյացիայով, շտապեցին ներկայացնել իբրև Շենգենյան գոտու փլուզում և ԵՄ կործանում: Նույնիսկ կորոնավիրուսի նման գլոբալ մարտահրավերը նրանց չստիպեց ձեռնպահ մնալ հակաեվրոպական քարոզչությունից: Այնինչ, արդեն մայիսի կեսերին Շենգենյան գոտու երկրները սկսեցին բացել իրենց ներքին սահմանները, և այդ երկրներից ոչ մեկը չհայտարարեց այն արժեքներից հրաժարվելու մասին, որոնց վրա խարսխված է ԵՄ-ն:
«Ո՞ւր է եվրոպական համերաշխությունը, ո՞ւր են եվրատլանտյան արժեքները, ինչպե՞ս են դրանք ընդհանրապես արտահայտվում, եթե նրանք այս իրավիճակում հրաժարվեցին օգնել միմյանց» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 23 մարտի, 2020): Սա փաստերի խեղաթյուրման ակնհայտ դրսևորում է. եվրոպական պետությունների սահմանների համավարակով պայմանավորված ժամանակավոր փակումը, ինչպես նաև՝ առավել տուժած երկրներին օգնելու որոշակի հապաղումը հիմք չեն տալիս պնդելու համերաշխության բացակայության ու եվրոպական արժեքներից հրաժարվելու մասին: Ինչպես ցույց տվեց իրադարձությունների հետագա զարգացումը, Շենգենյան գոտու սահմանները կրկին բացվեցին, իսկ Եվրամիությունը բազմամիլիարդ ներդրումներ հատկացրեց կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համար:
Նույն հաղորդման մեջ արձանագրվեց մեկ այլ խեղաթյուրման օրինակ․ «Ի՞նչ առնչություն ունի այսօր Եվրոպան ժողովրդավարության հետ: Նրանք կարող են իրենց վերադարձնել ժողովրդավարությունը միայն սահմաններ փակելով… Եվ ժողովրդի իշխանություն էլ այնտեղ չկա, որովհետև այնտեղ ամեն ինչ որոշում է Բրյուսելում նստած չինովնիկը» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 23 մարտի, 2020): Փաստորեն, հաղորդման հյուրը կասկածի տակ է առնում Եվրոպայում ժողովրդավարության առկայությունը՝ անտեսելով, որ հենց Եվրոպան է օրրանը ժողովրդավարության, որի հիմնարար սկզբունքներով է ձևավորվել Եվրամիությունը: ԵՄ-ն պետությունների կամավոր միավորում է, որի անդամները համաձայնել են իրենց իրավասությունների մի մասը պատվիրակել միավորման կառույցներին: Իսկ Բրյուսելում նստող չինովնիկը միայն կատարում է այն, ինչ որոշում են ԵՄ երկրների առաջնորդները:
Այս և բազմաթիվ նման մանիպուլյացիաները, որոնք միտված են վարկաբեկելու եվրոպական արժեքները, իրենց մեջ լսարանին ապակողմնորոշելու, նրա որոշակի հատվածի մոտ Եվրոպայի և եվրոպացիների մասին թյուր պատկերացում ձևավորելու լուրջ վտանգ են պարունակում:
Ընդհանուր առմամբ, մոնիտորինգի ընթացքում չի արձանագրվել որևէ դեպք, որ այս հաղորդումների ժամանակ ինչ-որ դրական բան ասվի Եվրոպայի և եվրոպական կառույցների գործունեության մասին:
Անկասկած, նման քարոզչական նյութերը քաղաքական դրդապատճառներ ունեն: Հենց դրանով էլ վտանգավոր են, քանի որ ամբողջովին արհամարհվում է հավաստի և անաչառ տեղեկություն ստանալու մարդկանց իրավունքը: Իսկ նախկինում հնչեցրած մեր հարցն արդիական է մնում․ինչո՞ւ պետք է հայ հեռուստադիտողը ենթարկվի ռուսական հեռարձակողների խեղաթյուրումներին և դառնա ռուսական քարոզչության զոհը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ