Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուժային գերատեսչություններից ժամանակ առ ժամանակ ստանում է ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ արված հայտարարությունների արձագանքը: Հետպատերազմյան շրջանում քաղաքական իրավիճակի լարմամբ և բողոքի ակցիաներով պայմանավորված՝ այդ խախտումներն ավելի հաճախակի են դարձել։
Փետրվարի 25-ին Ոստիկանությունը ԽԱՊԿ-ին նամակով տեղեկացրեց, որ գերատեսչության փաստաթղթերի էլեկտրոնային գրանցամատյանում որպես դիմում մուտքագրվել է ԽԱՊԿ-ի և գործընկեր 9 լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Sputnik Արմենիա»-ի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ։
Փետրվարի 26-ին էլ Պաշտպանության նախարարությունը ԽԱՊԿ-ին հղած նամակում տեղեկացրեց, որ «24News»-ի օպերատորի և ՊՆ բարձրաստիճան սպայի մասնակցությամբ հունվարի 9-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է անցկացվել, և պարզվել է, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը խախտել է զորամասի տարածքներում և հատուկ պահպանության ռեժիմային օբյեկտներում նկարահանումներ իրականացնելու կարգի վերաբերյալ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ համապատասխան հրամանները՝ նախապես դրանք չհամաձայնեցնելով զորամասի հրամանատարության հետ։ Այդուհանդերձ, սպան նախազգուշացում է ստացել, և հետագայում նմանատիպ դեպքերից զերծ մնալու նպատակով համապատասխան քննարկում կանցկացվի զորամասի ավագ սպայական ժողովում։
Ավելի վաղ, անցած տարվա նոյեմբերի 10-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման առնչությամբ արված հայտարարությունից հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հայտնել են, որ գործն ուղարկվել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտ՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործին կցելու և հետագա ընթացքը որոշելու համար։ Մեկ այլ արձագանք կապված էր դեկտեմբերի 2-ին լրագրողական 10 կազմակերպությունների հայտարարության հետ՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ԽԱՊԿ-ին հայտնել են, որ ծառայողական քննությամբ Հայկ Սուքիասյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը չի հաստատվել․ «Պարզվել է, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայկ Սուքիասյանը դրսևորել է ակտիվ վարքագիծ, հրմշտել է ոստիկանության ծառայողներին՝ ցանկանալով դուրս գալ դեպի ճանապարհի երթևեկելի հատվածի կենտրոնական մաս, ուստի ոստիկանության ծառայողները, համաչափ ֆիզիկական ուժ կիրառելով՝ վերջինիս նստեցրել են պարեկային ավտոմեքենայի մեջ, որտեղ ճշտվել է, որ այդ քաղաքացին «Երկիր Մեդիա»-ի աշխատակից է, որից հետո նրան անմիջապես իջեցրել են պարեկային ավտոմեքենայից։ Միաժամանակ պարզվել է, որ Հայկ Սուքիասյանի տեսախցիկը չի վնասվել, այլ միջադեպի օրը խառնաշփոթի հետևանքով մի պահ կորցրել է ուղիղ հեռարձակման համար նախատեսված սարքը (մոդեմը), որը հետագայում գտնվել և վերադարձվել է իրեն։ Վերոգրյալի կապակցությամբ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք»։ Այս առնչությամբ «Երկիր Մեդիա»-ի լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտնել է իր դժգոհությունը՝ ոստիկանության պարզաբանումը համարելով սուտ:
Հուսանք՝ իրավապահ մարմինները միայն արձագանքներով չեն սահմանափակվի և անաչառ քննություն կանցկացնեն միջադեպերի առնչությամբ:
ԽԱՊԿ-ն այս բոլոր դեպքերը ներառել է իր զեկույցներում, որոնք ներկայացվում են հանրությանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե