Ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու՝ ընդդիմության նախագիծը Ազգային ժողովում չընդունվեց. իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց։
Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով: Նախագիծն այն ժամանակ ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Քննադատություններ հնչեցին թե՛ ընդդիմության, թե՛ իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունների կողմից։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արձագանքելով երեկ իշխանության կողմից ապաքրեականացնելու նախագծին դեմ քվեարկելուն, ընդգծեց՝ օրենքն ակնհայտ հետընթաց է, վերանայման կարիք ունի, այլապես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. – «Նախ և առաջ՝ տարբեր խմբերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առումով, այսինքն՝ այդ օրենսդրական փոփոխության մեջ ստեղծվեցին առանձին խմբեր, և դա դիսկրիմինացիոն մոտեցում էր, որոնք որ ավելի պաաշտպանված են, քան, ասենք, հասարական քաղաքացիները։ Այստեղ նշվում է, որ, օրինակ, պետական պաշտոնյաները իրենց գործունեության հետ կապված եթե վիրավորական արտահայտություններ իրենց հասցեին ստանան, ապա դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Եվ մի շարք այլ խմբեր, որոնք որ, չգիտես ինչու, պետք է ավելի պաշտպանված լինեն, քան հասարակ քաղաքացիները»։
Տեղական լրագրողական կազմակերպությունները, դժգոհելով այս օրենքից, հիշեցնում են, որ վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացվել էր դեռ 2010 թվականին։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս օրենքը վտանգում է առհասարակ քննադատությունը և վնաս է հասցնում խոսքի ազատությանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում