«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ շրջանառության մեջ դրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագծում մի շարք խնդրահարույց դրույթներ այս անգամ չկան, սակայն դեռեւս կան որոշ խոցելի դրույթներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում»,-ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա կարծիքով՝ նախագծի այս տարբերակը նկատելիորեն տարբերվում է նախորդից, եւ հաշվի են առնվել մեդիա կազմակերպությունների քննադատությունները։
Սակայն ուշագրավն այն է, որ այս նախագիծը չի քննարկվել մեդիա կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցության եռակողմ համաձայնագիր է կնքվել։
«Առավոտ»-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանը հիշեցնում է՝ հուշագիրը ստորագրվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի, արդարադատության նախարարության եւ մեդիա ոլորտի 11 կազմակերպությունների միջեւ, որի գլխավոր նպատակն է՝ մշակել մեդիա ոլորտի օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, եւ ապա դրանից հետո փոխկապկացված նման փոփոխություններ լինեն. «Այս հատվածական փոփոխությունները, մեծ հաշվով, հակասում են այդ գործընթացին, եւ մեզ համար հասկանալի չէ, թե՝ ինչո՞ւ չեն կարող սպասել մինչեւ այդ հայեցակարգն ընդունվի, հատկապես, որ այս ներկայացված փոփոխություններն այնքան հրատապ չեն, որպեսզի հապճեպ դրվեն շրջանառության մեջ։
Ընդ որում, անհասկանալի է, թե ինչու ԲՏԱ նախարարությունն ու այն անձինք, որոնք մասնակցել են այս փաթեթի մշակմանը, խուսափում են լրագրողական կազմակերպությունների փորձագետների հետ հանդիպումներից»։ Ինչ վերաբերում է այս նոր նախագծում տեղ գտած խնդրահարույց դրույթներին, ապա Մելիքյանն առանձնացնում է մի քանիսը։ Օրինակ առաջարկվում է՝ «Հեղինակազորված հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը՝ ապահովելով սույն մասում նշված յուրաքանչյուր թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների հեռարձակում շաբաթական կտրվածքով»։ Մելիքյանի դիտարկմամբ՝ նման պայմաններ չի կարելի պարտադրել մասնավոր հեռուստաընկերություններին եւ սա կարող է դիտվել որպես խմբագրական քաղաքականությանը միջամտություն։
Մյուս խնդրահարույց կետն այն է, որ այս նախագծով սահմանվում է, որ հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին այսուհետ նշանակելու է մրցութային կարգով ոչ թե վարչապետը, այլ ՀՌՀ-ն՝ կարգավորող մարմինը։ «Սա քննարկման եւ հիմնավորման թեմա է, որովհետեւ սրանով իջեցվում է հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կարգավիճակը, եւ եթե այդ նշանակումը կամ լիազորությունների դադարեցումն իրականացնում է կարգավորողը եւ ոչ թե այն մարմինը, որն իր կարգավիճակով ավելի բարձր է դրանից, այստեղ շատ հարցեր են առաջանում։ Սա պետք է քննարկել որոշում կայացնելուց առաջ»։ Բացի այս, ըստ Մելիքյանի նախագծում տեղ է գտել եւս մեկ շատ խնդրահարույց դրույթ՝ հանվել է այն արգելքը, ըստ որի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամը չի կարող երկու անգամից ավելի ընտրվել այդ պաշտոնում. «Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մինչեւ իրենց խոր ծերության մնան խորհրդի անդամ։ Այդ սահմանափակումը գործող օրենքում կա, որ երկու անգամից ավելի չի կարելի ընտրվել։ Այս դրույթը պետք է թողնել»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում