ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30 մարտի, 2024թ․, Երևան

Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր, ընդ որում՝ ոչ պակաս արժեքավոր, չեն տարել, և կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու, վախեցնելու և լռեցնելու փորձ։

Այս վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Սիմոնյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվում։ Այսպես՝ անցած տարվա հունիսին նա սպառնալիքներ է ստացել և բախվել հետապնդումների, երբ բարձրաձայնել է քրեական անցյալ ունեցող մի անձի ապօրինի տնտեսական գործունեության հետ կապված հարցեր։ Թեև այս առիթով հարուցվել է քրեական գործ, մինչ այժմ դրանում որևէ առաջընթաց չի նկատվում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները և, ի գիտություն ընդունելով, որ նրա տեսախցիկը գողանալու առնչությամբ նույնպես հարուցվել է քրեական գործ, պահանջում ենք․

  • Լոռու մարզի ոստիկանությունից՝ ամենայն լրջությամբ վերաբերվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի դեմ ոտնձգությունների փաստերին և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար,
  • Լոռու մարզի դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել լրագրող Կարինե Սիմոնյանի իրավունքների խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի նկատմամբ և ապահովել դրանց քննության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.