Արդեն երեք տարի շարունակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED, ԱՄՆ)աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիտորինգ՝ նրանց տեղեկատվական թափանցիկությունը գնահատելու համար: Եվ ամեն անգամ հետազոտության արդյունքներով պատրաստվում է վերլուծական զեկույց, որը հրատարակվում է եռալեզու՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն գրքույկով: Սույն՝ երրորդ հրատարակությունը 2013 թվականի մոնիտորինգի արդյունքներն է ամփոփում:
Ներկա հետազոտության առանձնահատկությունն այն է, որ իրականացվեց կատարելագործված՝ ЕХМО ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա հիմնված մեթոդաբանությամբ: Համակարգը մշակել եւ օգտագործում է մեր գործընկեր կազմակերպությունը՝ Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), որն էլ այն սիրով տրամադրել է ԽԱՊԿ-ին՝ Հայաստանում կիրառելու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս առցանց (օնլայն) ռեժիմով ուսումնասիրել եւ գնահատել պետական մարմինների կայքերը, բացահայտված թերությունները քննարկել կայքերի համար պատասխանատու պաշտոնյաների հետ եւ վերացնել դրանք: Ըստ էության, ЕХМО-ի հիմքում իշխանության կառույցների ներկայացուցիչների եւ նրանց կայքերի բովանդակությունը վերլուծող փորձագետների երկխոսության գաղափարն է: Ընդսմին, օգտագործվող համակարգը հնարավորություն է տալիս ապահովել մոնիտորինգի թափանցիկությունը: