Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե – CPFE-ն USAID Armenia-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության) աջակցությամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում այսօր կազմակերպել է «Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ» թեմայով սեմինար։
Քննարկվել են մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի հիմնական ուղղությունները՝ կապված ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացման, պետության կողմից դրա ճանաչման, որակյալ մամուլի խրախուսման, տեղեկատվության ազատության զարգացման, Հանրային հեռարձակողի գործունեության օրենսդրական կարգավորումների հետ։
Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն իրականացնող Internews in Armenia-ի ղեկավար Կորինա Չեպոյը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով երկրում որակյալ լրագրության զարգացումը, լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությունը, ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի կայացումը, մեդիագրագիտության տարածումը և այլ կարևոր հարցեր:
Սեմինարին մասնակցել են պետական մարմինների, ԶԼՄ-ների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։